25/12/2018 10:05
«168 Ժամ».Գազի գինը նաև քաղաքականություն է, դրանով Ռուսաստանը հստակեցնում է իր ավելի լայն քաղաքականությունը
«168 Ժամ» թերթի հետ զրույցում ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը, անդրադառնալով 2019-ից Հայաստան մատակարարվելիք ռուսական գազի գնին, ասել է. «Հայ-ռուսական քաղաքական հարթությունում, որն անդրադառնում է նաև տնտեսական կապերի վրա, վերանայումների փուլ է, և այդ վերանայումներից հետո ստեղծված հարաբերություններից է կախված՝ կլինի՞ գնի նվազում, թե՞ ընդհակառակը: Ներկայումս ունենք իրավիճակ, երբ կան նաև խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս երկկողմ հարաբերություններում ժամանակ առ ժամանակ: Կողմերը փորձում են լուծումներ տալ ստեղծվող խնդիրներին, դրանցից մեկն էլ այսօր գազի գինն է, որը կարտացոլի այն վստահությունը, որը կա հարաբերություններում: Ակնհայտ է, դրա մասին հրապարակայնորեն խոսել են նաև ՀՀ իշխանությունները, որ ցանկանում են գազի գնի իջեցում: Էժան գազ բոլորն են ցանկանում, բայց գազի գինը նաև քաղաքականություն է, դրանով Ռուսաստանը հստակեցնում է իր ավելի լայն քաղաքականությունը»:
Նա նշել է, որ իր համար ներկայումս տեսանելի չէ, թե որքանով են կողմերը հաջողել լուծել այն խնդիրները, որոնք առաջացել են, ըստ էության, դեռ դրանք պահպանվում են, ուստի դժվար է ասել, թե ինչ համաձայնության կգան կողմերը: «Չի բացառվում, որ բարձրանա գինը», - ասել է նա: Եթե խոսենք տնտեսական բաղադրիչի մասին, ապա, նրա խոսքով, այստեղ բավականին ծավալուն աշխատանքի կարիք կա:
Ռուս քաղաքական մեկ այլ վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը ևս կարծում է, որ գազի գինը ոչ այնքան տնտեսական հարց է, որքան քաղաքական: Ըստ նրա, գազի գնի շուրջ բանակցությունների ելքը, այսինքն` որոշումը, ցույց կտա հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս որակը, քանի որ ամեն ինչ չէ, որ հասկանալի է:
«Հուսամ, որ որևէ որոշումից հայ սպառողն անհարամարվետություն չի զգա: Բայց ես ևս չեմ բացառում, որ գազի գինը բարձրանա սահմանին, գուցե այդ դեպքում հնարավոր լինի «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծախսերի կրճատման միջոցով խնդիրը որոշակիորեն մեղմել: Սակայն առաջիկա բանակցությունների արդյունքը շատ ավելի լուրջ հարցերում հայ-ռուսական փոխըմբռնման մակարդակի ցուցիչը կդառնա», - ասել է Ստանիսլավ Տարասովը: