25/12/2018 18:03
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը նշում է իր հիմնադրման 50-ամյակը
Երևանի բնօրրանը ներկայացնող «Էրեբունի» արգելոց-թանգարանն այս տարի նշում է իր 50–ամյակը։ 50 տարի առաջ՝ 1968թ. հոկտեմբերի 19-ին իր դռները բացելով հանրության առջև` «Էրեբունի» թանգարանն այցելուներին ներկայացրեց Երևանը՝ որպես աշխարհի հնագույն մայրաքաղաք՝ հիմնադրված 2800 տարի առաջ:
«Էրեբունի» արգելոց-թանգարանի ստեղծումը, ի նշանավորումն Երևանի 2750-րդ տարեդարձի, անմոռանալի է յուրաքանչյուր հայի հիշողության մեջ:
Արդեն 50 տարի ներկայանալով հայ և օտարերկրյա քաղաքացիներին` «Էրեբունի» հնավայրն ու թանգարանը դարձել են Հայաստանի և մասնավորապես Երևան քաղաքի այցեքարտը:
Արգելոց-թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 3 նշանավոր հնավայրերի` Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում:
Գործունեության 50 տարվա ընթացքում իր եզակի արժեքներով, բազմաբնույթ ծրագրերով և միջոցառումներով թանգարանն անում է ամեն ինչ՝ ուրարտական հզոր ժառանգությունը ճանաչելի դարձնելու, պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու համար:
Հոբելյանական միջոցառումը կմեկնարկի Էստոնիայի նկարիչների միության նախագահ Արսեն Քլյանի կողմից «Էրեբունի» թանգարանի 50-ամյակին նվիրված Արգիշտի արքայի դիմաքանդակի հանդիսավոր բացմամբ:
Միջոցառման շրջանակում թանգարանի հյուրերի ներկայությամբ կբացվի դեռևս 2002 թվականին Էրեբունի-Երևանի 2784-րդ տարեդարձի ժամանակ «Էրեբունի» թանգարանին ի պահ տրված փակ սունդուկը, որի բացումը նախատեսված է եղել Երևանի 2800-ամյակին:
Դասական և ազգային երաժշտական կատարումներից հետո միջոցառումը կավարտվի «Էրեբունի» արգելոց-թանգարանի գործունեության մեջ ներդրում ունեցող անձանց «Էրեբունի-50» հուշամեդալով և պատվոգրերով պարգևատրելու հանդիսավոր արարողությամբ:
Միջոցառումը տեղի կունենա 2018թ. դեկտեմբերի 26-ին ժամը16:00-ին՝ «Էրեբունի» թանգարանում։