25/12/2018 13:17
Նախիջևանի դիրքային փոփոխությունները նոր գործընթացի սկզիբ են. Ժիրայր Սեֆիլյան
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր անդամ Ժիրայր Սեֆիլյանը պնդում է՝ Նախիջևանի դիրքային փոփոխությունները նոր գործընթացի սկիզբ են, որոնք պետք է կանխել:
«Արցախում ականատես ենք եղել, թե ինչպես է տարիների ընթացքում հակառակորդն իր դիրքերը մոտեցրել, նույն գործընթացը, դժբախտաբար, սկսվել է Նախիջևանում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սեֆիլյանը` անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչած այն հայտարարություններին, որ 2018 թվականին 11 հեկտար հող Ադրբեջանը Նախիջևանում վերցրել է իր վերահսկողության տակ:
«Մեր ղեկավարությունը, իմ համոզմամբ, համարժեք քայլեր չի կատարում կանխարգելելու այդ գործողությունները: Նախիջևանի ճակատում միահամուռ գործելու դեպքում ամեն ինչ կարելի է հանգիստ կանխել: Նորից եմ ասում՝ այս գործընթացը շարունակվելու է, ուստի մերոնք համարձակ պիտի լինեն ու կանխարգելեն հակառակորդի քայլերը, մասնավորապես, այն հատվածներում, որտեղ հակառակորդը դրանց ձեռքբերումով շատ մեծ նշանակության ճանապարհներ հսկելու հնարավորություն է ունենում», - ասաց նա:
Սեֆիլյանը հույս հայտնեց, որ այս գործում իշխանությունները քաղաքական կամք կդրսևորեն: