26/12/2018 18:07
Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացվել է ևս մի քանի հոդվածներով. միջնորդել են կալանավորել նրան
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացվել է, Aysor.am-ին տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նախկին պաշտոնյան որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» և 309–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով՝ «Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»:
Բացի այդ, ըստ խոսնակի, Հարությունյանին կալանավորելու միջնորդություն է այսօր ներկայացվել դատարան։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 13-ին որոշել էր վերացնել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը։ Այսօր Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ չի պատրաստվում Վճռաբեկ դատարանում բողոքարկել Հարությունյանի խափանման միջոցը փոխելու մասին Վերաքննիչի որոշումը։
ՀՔԾ մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում նկատեց, որ գլխավոր դատախազության կողմից Վճռաբեկ դատարանում չբողոքարկելը մեծ մասամբ պայմանավորված էր Հարությունյանի մեղադրանքը լրացնելու հանգամանքով։
Aysor.am-ի հետ զրույցում Վահագն Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանն ասաց, որ իրենք պաշտոնապես որևէ ծանուցում չեն ստացել վարույթն իրականացնող մարմնից։
«Վարույթն իրականացնող մարմինը, տեսնելով, որ կալանավորելու համար օրինական հիմքերը բացակայում են, փորձ է անում լրացնել մեղադրանքը։ Այսինքն՝ Հատուկ քննչական ծառայության գերնպատակը մարդուն ամեն գնով կալանավորելն է», - նշեց Միհրան Պողոսյանը։
Մինչ այդ, նկատենք, Վահագն Հարությունյանին մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը»։ Վահագն Հարությունյանը Aysor.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը