26/12/2018 12:12
Արցախում նոր բախման ռիսկերը քիչ չեն, շատ բան կախված է ԼՂ հարցով առաջիկա հանդիպումներից. Տիգրան Աբրահամյան
Սահմանային իրավիճակի, ԼՂ բանակցային գործընթացքում սպասվող նորությունների ու ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։
- Պարոն Աբրահամյան, թերևս, սկսենք այս տարվա ամենաքննարկված թեմաներից մեկից: Խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ քննարկումների մասին է: Եթե կարճ, ի՞նչ փուլում ենք:
- Թեման քաղաքական մեծ նրբերանգներ է պարունակում: Չէի ցանկանա իրադարձություններից առաջ ընկնել, սակայն մեզ համար նախընտրելի տարբերակն է՝ երկխոսության միջոցով հասնել Հայաստանի ներկայացուցչի՝ մինչև 2020 թվականը պաշտոնավարմանը:
- Բելառուսի թեկնածուն հանդիպում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ: Կարծու՞մ եք ինտրիգը պահպանվում է։
- Առաջ չէի ընկնի իրադարձություններից, հատկապես որ առաջիկայում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպում է սպասվում և չի բացառվում, որ այդ հարցը ևս քննարկման օրակարգում կլինի:
- Ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածվում սահմանի նախիջևանյան ուղղությամբ զարգացումների մասին: Տեղեկություններ կան, թե Ադրբեջանը սահմանի իր հատվածում շարունակում է բարելավել դիրքերը:
- Եթե վերջին օրերի մասին է խոսքը, ապա ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, կարծես թե, նոր զարգացումներ չեն եղել, բայց տեսնում եմ, որ տարեվերջյան ասուլիս-հարցազրույցների ժամանակ ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ վերոնշյալ հարցը արծարծում են, երևի ճիշտ կլինի ասել՝ շահարկում են:
- Ինչպիսի՞ն է իրավիճակն առաջնագծում այս օրերին:
- Հրադադարի ռեժիմի կանոնների խախտումներն այնպիսին են, ինչպես նախորդ մի քանի շաբաթների ընթացքում, նույնը կարելի է ադրբեջանական կողմի տեղաշարժերի մասին ասել:
- Տարին ավարտվում է, ինչ եք կարծում, 2019 թվականին նոր բախման հավանականություն կա՞:
- Նոր բախման հնարավորությունն առաջիկա օրերի համար մի փոքր բարդ է կանխատեսել, բայց միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ռիսկերը քիչ չեն: Շատ բան կախված է ԼՂ հարցով առաջիկա հանդիպումներից, եթե չեմ սխալվում, 2019 թվականի հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է սպասվում, որին ինչ-որ փուլում, ըստ տրամաբանության, պետք է հաջորդի երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում: Կարծում եմ՝ հունվարի վերջ, փետրվարի սկիզբ որոշակի պատկեր կունենանք:
- Բանակցային գործընթացի վերսկսմանը զուգահեռ մեկ այլ թեմա է զարգանում: Որոշակի պարբերականությամբ խոսվում է հայ-ադրբեջանական հաշտեցման հարթակների ձևավորման մասին: Ինչպիսի՞ն է ձեր մոտեցումը:
- Գործընթացի տարբեր փուլերում նման հարթակների ստեղծման փորձեր, իմիտացիա եղել է, դրանց արդյունավետությունը երբեք չեմ տեսել, էլ չեմ ասում, որ դրանք հիմնականում քարոզչական բնույթ են կրում և ընդհանուր մեդիատիրույթում թիրախավորում են Հայաստանին և Արցախին:
Մեղմ ասած, այդքան էլ լավատես չեմ նման հարթակների գործարկումից՝ նվազագույնն այս փուլում: