26/12/2018 14:55
«Կյաժը». Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին նվիրված ֆիլմն արդեն համացանցում է
Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին նվիրված «Կյաժը» ֆիլմն արդեն համացանցում է: 6 րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Հայկ Բաբայանն է:
Դեռևս երկու ամիս առաջ Aysor.am-ի հետ զրույցում Հայկ Բաբայանը խոստովանել էր՝ մանկության ընկերոջ մասին ֆիլմ նկարելու մտահղացումը ծնվել է երազից հետո, որն այնքան իրական էր, ու իր համար գոնե որոշ փակագծեր բացեց:
«Սովորաբար, Կյաժին ես հաճախ եմ տեսնում իմ երազներում: Ապրիլյան պատերազմից ամիսներ հետո էլ տեսա, ու այն, ինչ ինձ ասեց երազում, շատ տպավորեց… Որոշեցի դա դարձնել ֆիլմ», - նշել էր ռեժիսորը:
Մոնումենտի նույն բակում մեծացած Հայկն ու Ռոբերտը մտերմացել են դեռ դպրոցական տարիներին: Ռեժիսորը հիշում է՝ Աբաջյանի խիզախության և անձնազոհության դրսևորմանը մեկ անգամ չէ, որ ականատես է եղել: Հերոս հայորդին կյանքը սիրող ու քչով բավարարվող երիտասարդ էր՝ լավ մեքենա, մի շիշ կոլա, ձեռքի ժամացույց... ու կյանքը հիասքանչ է…
Ֆիլմը ներառում է մի քանի ժամանակաշրջան՝ խորհրդային, 90-ականներ ու մեր օրեր: Հարուստ է փաստագրական կադրերով:
Ֆիլմում նկարահանվել են Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը, Գառնիկ Օհանյանը: