27/12/2018 18:12
Սամվել Մայրապետյանը ազատ է արձակվել 30 մլն դրամ գրավի դիմաց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, փոխվել է գործարար Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը, և այսօր նա գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից, Aysor.am-ին տեղեկացրեց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։
Փաստաբանի խոսքով՝ դատարանը, որպես գրավի չափ, սահմանել էր 30 մլն դրամ, որը վճարելուց հետո Մայրապետյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։
«Այսօր ժամը 15։00-ի սահմաններում գրավի գումարը փոխանցվել է, և պարոն Մայրապետյանն ազատ է արձակվել», - ասաց փաստաբանը։
Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը»։
Փաստաբանը նշեց, որ այս պահին պարոն Մայրապետյանը առողջական խնդիրներ ունի և փորձելու է վերականգնել իր առողջությունը։