27/12/2018 14:10
Փետրվարից սոցիալապես անապահով ընտանիքները էլեկտրաէներգիայի համար կվճարեն 10 դրամ էժան սակագնով
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 27-ին կայացած նիստում քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման և հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի №422Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցերը:
Քննարկելով վերոնշյալ հարցերը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման վերանայված սակագները։
Միևնույն ժամանակ, սակագների վերանայման գործընթացի շրջանակում էլեկտրաէներգետիկական համակարգում ձևավորվել էր դրական արդյունք, որը հնարավորություն էր տալիս բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնել 0.37 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն) կամ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Նշված հարցը, նախապես քննարկելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց համակարգում ձևավորված ընդհանուր դրական արդյունքն ուղղել միայն սոցիալապես անապահով ընտանիքների սակագների նվազմանը՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Այսպիսով, սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի վերանայված սակագներն են՝
ա. ցերեկային սակագին` 29.99 դրամ/կՎտժ` (գործող 40.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,
բ. գիշերային սակագին՝ 19.99 դրամ/կՎտժ՝ (գործող 30.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն:
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի փետրվարի 1-ից: