27/12/2018 19:17
Ոչ մի լավ բան դրանից դուրս չի գա. Մհեր Մկրտչյանը՝ նախարարությունների օպտիմալացման մասին
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, Նկարիչների միություն, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն, Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ սա մշակութային օջախների այն հակիրճ ցանկն է, որտեղ 2018-ի հատկապես վերջին ամիսներին մթնոլորտն այնքան էլ խաղաղ չէր: Դերասանները բողոք ունեին (մշակութային որոշ կառույցներում խնդիրը դեռ լուծված չէ) տնօրեններից, նրանց ընտրած մշակութային և կադրային քաղաքականությունից:
Ամենաթարմ օրինակներից է Համազգային թատրոնը, որի արտիստներն ապացուցեցին՝ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի: Միահամուռ կազմակերպած բողոքի ակցիայի արդյունքում թատրոնի վարչարարական և ստեղծագործական ղեկը հայտնվեց նրանց ձեռքին, ում հենց իրենք էին ուզում:
Aysor.am-ը ոլորտում առաջացած խնդիրների, դրանց լուծման տարբերակների, ոլորտը համակարգող գերատեսչության՝ Մշակույթի նախարարության՝ որպես առանձին կառույց կրճատման մասին զրուցել է Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ:
Նախևառաջ, անդրադառնալով Համազգայինում տեղի ունեցած փոփոխությանն ու դրան նախորդող իրավիճակին՝ ռեժիսորը նկատեց՝ ոչ մի թատրոնում ո չ մի խնդիր ու բողոք չի ծնվում մեկ օրում:
«Ղեկավարները բավականին ժամանակ ունեն այդ խնդիրներին լուծում տալու համար: Բայց երբ անտեսում և ուշացնում են, իրավիճակը դառնում է այնպիսին, ինչպիսին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում էր: Համոզված եմ՝ պարոն Չալդրանյանը ևս բավականին ժամանակ ուներ, բայց ուշացրեց ու ստացավ այն, ինչ եղավ… Բողոքի հասունանալուց հետո իր համար լուծման տարբերակները երկուսն էին՝ կամ հրաժարական տալ, կամ՝ ցրել դերասանական խումբը: Հարգանքի արժանի որոշում կայացրեց՝ ընտրելով առաջինը: Անձամբ ես, չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող եմ ղեկավարել Մհեր Մկրտչյան թատրոնը, եթե մեծամասնությունն ինձ դեմ լինի: Դժվար իրավիճակ է, չէի ցանկանա հայտնվել նման վիճակում: Եթե հայտնվեի էլ, հավանաբար, կանեի նույնը, ինչ նա… Խոստովանեմ՝ չէի սպասում, որ Մշակույթի նախարարությունը կկայացնի այնպիսի որոշում, որի պարագայում կողմերից մեկը անվերապահորեն կզիջի ու կպարտվի, մյուսը՝ կհաղթի: Իսկ ինչ վերաբերվում է նորանշանակ տնօրենին ու գեղարվեստական ղեկավարի պաշտոնակատարին, ցավոք, ես չգիտեմ՝ ինչպիսի տնօրեն կարող է լինել Արման Նավասարդյանը, ես իրեն գիտեմ որպես լավ դերասան: Իսկ Նարինե Գրիգորյանի պարագայում, համոզված եմ, որ կարող է լինել Համազգային թատրոնի շատ լավ գեղարվեստական ղեկավար», - մանրամասնեց նա:
Անդրադառնալով հարցին, թե տրամաբանորեն տարեկան կտրվածքով քանի՞ ներկայացում պետք է հանձնի յուրաքանչյուր թատրոն՝ պատասխանեց.
«Ինձ համար նորմալ է այն իրավիճակը, երբ թատրոնը տարեկան ունենում է 4-6 պրեմիերա: Ընդ որում, ես ճիշտ եմ համարում, որ այդ 6 ներկայացումներից գոնե երեքը բեմադրեն տարբեր ռեժիսորներ, որպեսզի դերասանները հնարավորություն ունենան աշխատել տարբեր բենադրիչների հետ՝ տարբեր ոճերում: Այդ փորձը շատ կարևոր է թե՛ դերասանների, թե՛ տվյալ թատրոնի համար»:
Ապրիլին մեկնարկած հեղափոխությունն ամրապնդվեց արտահերթ ընտրություններով, որի արդյունքներով ձևավորվեց նոր խորհրդարան, իշխանության եկան քաղաքական նոր ուժեր: Կադրային այս փոփոխությանը ոչ բոլորն են միանշանակ վերաբերվում. ոմանք առանձնացնում են դրականները, ոմանք՝ բացասականները, ոմանք էլ նկատում են՝ ամեն ինչ նույնն է՝ միայն աթոռներին հայտնված մարդիկ են տարբեր:
Ի դեպ, Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի ու գերծունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագիծը, որով առաջարկում է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից հասցնելով 12-ի։ Կրճատվող նախարարությունների ցանկում է նաև Մշակույթի նախարարությունը, որը, ըստ նոր նախագծի, կցվելու է Կրթության և գիտության նախարարությանը:
«Նախ, միգուցե ես շատ ուշադիր չեմ, բայց գոնե մշակույթի բնագավառում փոփոխություններ չեմ նկատել: Հեղափոխության դրականն այն է, որ առանց արյուն թափվելու կատարվեց ժողովրդի կամքը: Ինձ թվում է՝ ոչ-ոք չի կասկածում, որ հոգնած, զզված ու հիասթափված ժողովուրդը հենց դա էր ուզում: Իսկ բացասականը, գոնե ինձ համար, այն է, որ տեսնում եմ՝ անգրագետ շատ մարդիկ այսօր կարող են իշխանության գալ միայն այն պատճառով, որ հեղափոխության օրերին եղել են Նիկոլ Փաշինյանի կողքին: Շատ կցանկանամ, որ գոնե հիմա, երբ արտահերթ ընտրություններ եղան, կառավարությունը, իշխանությունը հագեցվի մասնագետներով… Իսկ Խորհրդարան անցած ուժերի մասին հիմա կարծիք հայտնելս նույն է, որ ռեժիսորը հանդիսատեսին ներկայացնի իր հավաքած խումբը, որի հետ պատրաստվում է ֆիլմ նկարահանել, ու հարցնի՝ ժողովուրդ գո՞հ եք իմ նկարահանման խմբից: Իրենց կատարած աշխատանքից ու դրա արդյունքից հետո կհասկանանք՝ գո՞հ ենք, թե՞ ոչ… Մշակույթի նախարարության, որպես առանձին կառույց, լուծարման մասին էլ կասեմ, որ ծանոթ չեմ այդ գերատեսչության գործունեությանը, բայց կարծում եմ՝ 1-2 շաբաթն էլ բավարար էր, որ հասկանային՝ ի՞նչն է ավելորդ այնտեղ, ո՞վ է անիմաստ ու անօգուտ աշխատում, ո՞վ՝ օգտակար: Ես չգիտեմ՝ ինչ արդյունք կտա իրար հետ կապ չունեցող մի քանի կառույց միմյանց ձուլելը: Ինձ թվում է՝ ոչ մի լավ բան դրանից դուրս չի գա, ես այդ հարցում մի քիչ կասկածամիտ ու հոռետես եմ», - ժպիտով ընդգծեց Մհեր Մկրտչյանը:
Այսօր հանրությունն առավել հանդուրժող է դարձել գործող իշխանության նկատմամբ: Եթե նախկինների՝ նույնիսկ աննշան սայթաքումը կարող էր բուռն քննադատության առիթ դառնալ, ապա այսօր անգամ ամենանկատելի վրիպումները քննադատողները հայտնվում ենք ֆեյսբուքյան հասարակության անմիջական թիրախում:
Հենց այդպիսի օրինակներից են քարոզարշավի ընթացքում Սասուն Միքայելյանի կատարած հայտնի արտահայտությանը Մհեր Մկրտչյանի արձագանքի տակ տեղ գտած մեկնաբանություններից որոշները:
«Գիտեք, ես քաղաքականությամբ չեմ զբաղվել ու երբեք չեմ զբաղվի, դա ինձ պարզապես հետաքրքիր չէ: Ուղղակի Սասուն Միքայելյանի կողմից հնչեցին բառեր, որոնք ինձ համար անհասկանալի էին ու տհաճ: Բնականաբար, ես էլ արձագանքեցի: Ամեն մարդ իրավունք ունի սեփական կարծիք ունենալու: Իհարկե, շատ լավ հասկանում էի, որ իմ հասցեին էլ կհնչեն քննադատություններ, մեղադրանքներ: Ինչ արած, այսօր այդպիսին է իրավիճակը մեզ մոտ, ցանկացած փոքրիկ քննադատություն իշխանությունների նկատմամբ՝ ու դու քարկոծվում ես: Նորմալ է, համոզված եմ, որ կանցնի որոշ ժամանակ ու տարակարծությունը կվերականգնվի մեր երկրում», - նշեց նա:
Մհեր Մկրտչյանն այս օրերին զբաղված է նոր բեմադրության աշխատանքներով: Թատրոնն արդեն ամանորյա ներկայացման պրեմիերա է հանձնել: Համոզված է՝ միայն կոշտ մրցակցությունն է ստիպում անել ավելի լավ աշխատանք:
«Սա այն շրջանն է, որ բոլոր թատրոնները ներկայացում են պատրաստում, ու մեզ համար շատ կարևոր է անել մի բան, որը կտարբերվի: Համոզված եմ՝ դա մեզ հաջողվել է: Մենք չենք բավարարվել միայն հեքիաթով, ձնե մարդով ու ձմեռ պապիով: Մեր դերասանները շուրջ երկու ամսի պարապում էին կրկեսի վարպետների ու արտիստների մոտ: Ներկայացումը և բովանդակությամբ է հագեցած, և տեսարժան է: Համոզված եմ՝ զարմացնում ենք թե՛ մեծերին, թե՛ փոքրերին», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Մհեր Մկրտչյանը: