28/12/2018 18:58
Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխության միջնորդության քննարկումը հետաձգվեց մինչև հունվարի 9-ը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի՝ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդության քննարկումը. այն կշարունակվի արդեն հաջորդ տարի՝ հունվարի 9-ին:
Նիստերի դահլիճից դուրս գալով պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը հայտարարեց, որ գործը քննող ՀՔԾ քննիչն է խնդրել հետաձգել նիստը, քանի որ ունի անձնական գործեր և աշխատանքային ժամից դուրս չի կարող մասնակցել նիստերին:
«Բոլորս էլ ունենք անձնական գործեր՝ նոր տարի է առևտուր պետք է անել և այլն: Ըստ էության, նիստ որպես այդպիսին տեղի չունեցավ, քննիչը ցանկություն ուներ դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել ու ժամանակ խնդրեց, որ ուսումնասիրի նյութերը: Քննինչն ասում էր, որ ցանկանում է ուսումնասիրել՝ հասկանալու արդյոք պետք է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել: Միջնորդությունը չքննարկվեց էլ, և քննիչը արհեստականորեն հետաձգեց նիստը: Սա քննիչի կողմից իրավունքի չարաշահման կլասսիկ օրինակ է», -ներկայացրեց փաստաբանը՝ ընդգծելով, որ իրենք դեմ են դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը:
Այս նիստը նախագահող դատավորը, հիշեցնենք, Նելլի Բաղդասարյանն է:
Փաստաբանն ասաց նաև, որ քննիչը, որն այսօր եղել է դատարանում, Հրաչ Մուշեղյանն է, որի անունը հայտնի գաղտնալսման մեջ օգտագործել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Ռոբերտ Քոչարյանը, Օրբելյանի խոսքով, չի մասնակցել այսօրվա նիստին, քանի որ այն տեխնիկական նիստ էր և անհրաժեշտություն էլ չի եղել:
Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք անցնում է մարտի 1-ի գործով ու Հատուկ քննչական ծառայությունում քննվող այս քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Բացի նախկին նախագահից, այս մեղադրանքն առաջադրվել է նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որն արդեն երկար ժամանակ է՝ հետախուզվում է: