30/12/2018 13:36
Ո՞վ է եղել այն տխմարը, որ այդ պաշտոնը նույնպես հագցրել է պարոն Կ.Օրբելյանի՝ առանց այն էլ ծանր մյուս երկու պաշտոնների «զրահների» վրայից. մեներգչուհի Գոհար Ազիզյան
2018-ը խաղաղ չէր ո՛չ միայն քաղաքական կյանքում, այլև մշակութային: Տարբեր մշակութային օջախներում վերջին ամիսներին բազմաթիվ դժգոհություններ հասունացան, մեծամասամբ՝ այդ կառույցների ղեկավարներից: Թատրոնների, արվեստի մյուս ուղղությունների արտիստներն ու «բնակիչները» պահանջեցին ղեկավարների հեռանալը. կառույցների մեծ մասում հարցը լուծվեց պահանջատերերի սրտով…
Նույնն է իրավիճակը նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ամիսներ շարունակ թատրոնի «ներսում ու դրսում» գտնվող արտիստները պահանջում են շուրջ երեք տարի առաջ միանգամից երեք հաստիք զբաղեցրած Կոնստանտին Օրբելյանի հեռացումը: Հարցը հասել է մինչև ՀՀ Մշակույթի նախարարություն և Կառավարություն, սակայն դեռևս անարդյունք:
Aysor.am-ը Օպերայում ծառացած խնդիրների, դժգոհությունների պաշճառների ու արտիստների պահանջների մասին զրուցել է ՀՀ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Գոհար Ազիզյանի հետ, ում առաջ նույնպես արդեն մեկ տարի է՝ թատրոնի դռները փակ են:
- Տիկին Ազիզյան, Օպերային թատրոնի արտիստների մի մասը տևական ժամանակ է՝ բարձրաձայնում է թատրոնում առկա անօրինականությունների մասին: Մասնավորապես, ի՞նչ անօրինականությունների մասին է խոսքը:
- Այո՛, հատկապես վերջին մի քանի ամիսներին թե՛ Օպերային թատրոնից դուրս գտնվող օպերային արտիստների (համարենք դուրս արված կամ դուրս հրավիրված), և թե՛ թատրոն հաճախող արտիստների (աշխատողի կարգավիճակով) կողմից դժգոհությունների աննախադեպ ալիք բարձրացավ: Եվ եթե թատրոնից դուրս գտնվողների դժգոհությունը, որպես կանոն, հիմնավորված է փաստերով, ունի տեսլական՝ մարդիկ գիտեն ինչն է իրենց դժգոհության պատճառը, գիտեն հատկապես ի՛նչ որակի թատրոն և ինչպիսի՛ կառավարում են ձգտում տեսնել և ճակատը պարզ հանդես են գալիս իրենց անուններով, ապա նույնը չի կարելի ասել թատրոնի ներսում գտնվող տարբեր գեղխմբերի մենակատարների մասին: Այո՛, պարբերաբար «ջրի երես» են դուրս գալիս նրանցից որոշ՝ իրարից անջատ խմբերի կողմից հրապարակված անկանոն բողոքի ցույցեր՝ հիմնականում հոդվածների տեսքով, բայց, դարձյալ որպես կանոն, այդ ցույցերն անանուն են, վատ են հիմնավորված:
- Ըստ Ձեզ՝ թատրոնում աշխատողների բողոքի ցույցերն ա՞յլ ենթատեքստ ունեն:
- Բանն այն է, որ երբ մեր Օպերային թատրոնի «գրկում» ստանում ես բավական կլորիկ աշխատավարձ, որի դիմաց քո զբաղվածությունը հեռու է կլոր տարին լինելուց, և որի պարագայում հանգիստ համատեղում ես 4, 5 այլ աշխատատեղեր, շատ «դժվար» է ազնվորեն և բացահայտ գնալ առճակատման, հատկապես, որ շատ արագ կմնաս մենակ և ավելի հավանական է՝ Օպերային թատրոնի դռներից դուրս: Կ. Օրբելյանի «թագադրումից» (ըստ իր՝ նկատի ունի օպերայի տնօրենի պաշտոնի սեփականացումը՝ հեղ.) հետո այսպես է «կարգը»: Իսկ առաջ միշտ եղել են և՛քննարկումներ, և՛ բողոքի փոքրիկ ցույցեր և արտիստների կողմից որոշակի ճնշման փորձեր, ինչը և՛ բնական է, և՛ բանական:
- Այսինքն, եթե արտիստն իրապես փորձում է պաշտպանել իր շահերը, ապա թատրոնի դռները հակառակ կողմից փակվո՞ւմ են նրա առջև:
- Գիտեք, այն ժամանակահատվածից սկսած, ինչ Օպերային թատրոնում սկսեց «թագավորել» Կոնստանտին Օրբելյանը, և ինչ թատրոնում առկա է Կարինե Կիրակոսյանը, բոլոր հնարավոր բողոքների (հիմնականում, իհարկե, կառուցողական բնույթի) ավարտը մեկն է՝ անխտիր վտարում Օպերային թատրոնից՝ ամենապրիմիտիվ և բութ ձևով՝ պարզապես դիսպետչերներին արգելելով այս կամ այն արտիստին թատրոն ներս թողնել: Սա այնքան վայրենի վարքագիծ է, որ պատկերացնել անգամ անհնար է, թե պարոն Կ. Օրբելյանը այդ «մշակույթն» իրեն հայտնի հատկապես ո՞ր միջազգային մշակութային փորձից է յուրացրել և հենց իր «թագադրման» օրվանից հաջող կիրառում է տաղանդի և լուրջ կարողությունների տեր երիտասարդների դեմ.. Իհարկե, թատրոնի «կանոնակարգի» սահմաններում այլ տարաբնույթ պատժամիջոցներ ևս կիրառվում են, որի պատճառով բողոքների տարափի մասին անձամբ վկայեց ինքը՝ Նազելի Ղարիբյանը:
Իսկ Կարինե Կիրակոսյանն այն աստիճան չի տարբերում իրարից թատրոն միշտ անխնդիր մուտք գործած ստաժորների կամ արտիստների անքակտելի կապը թատրոնի հետ և մեկ այլ որևէ կտրվածքի հիմնարկի անպայմանագիր աշխատողին, որ պարզապես չգիտես զավեշտի՞ տալ, թե՞ սարսափել: Նրա ձեռքով և անվամբ է կատարվում այդ վանդալիզմը:
Օպերային թատրոնի ներսում տիրող ահա այս աննորմալ իրադրության պատճառով, թատրոնի արտիստները գերադասում են կամ մի կերպ լռել, կամ հաճոյանալ Կ. Օրբելյանին և իր ստորադասներին: Այս ամիսներին անգամ թատրոնի մենակատարներից գտնվեցին և այնպիսիք, որ մինչ այժմ աճող բողոքի պոռթկումի ֆոնին չզլացան այցելել Լիլիթ Մակունցին և իրենց անվերապահ աջակցությունն ու հայտնի չէ, թե երբ այդ աստիճան արմատակալած սերն ու նվիրվածությունը հայտնել Կ. Օրբելյանին, նրա թիմին և առկա գործընթացին, որն անհարիր է կոչել թատրոնի կառավարում կամ քաղաքականություն: Մինչդեռ, մինչ ճշմարտությունը զարդ է վերջին աղքատի շուրթերին, սուտն է, որ կեղտոտ արատ է թեկուզև ամենառաջատար և աշխարհով մեկ հայտնի արտիստի շուրթերին:
- Եվ դա միայն նրա համար, որ թատրոնից դուրս չմնա՞ն:
- Ինչո՞ւ միայն դրա համար. անպատեհ խոշոր պարգևատրումներ, զգալի գումար հաշվեհամարիդ՝ ամեն ամիս, և «կուրորտ»: Մեկտեղ՝ գալիս ես թատրոն, երբ ուզում ես, չես ուզում՝ շաբաթով չես գալիս: Ամիսներ ես անցկացնում առանց գեթ մեկ ներկայացում գեթ 3 տողով երգելու, իսկ հաշվեհամարիդ միշտ ժամանակին նստում է քո կլորիկ գումարը: Եվ երբ գալիս է այն պահը, երբ պետք է արդեն սատարել այդ հաշվեհամարը հենց այսպիսի «դառն օրերի» համար լցնող «ձեռքը», իհարկե, չեն զլանա երբեք: Պե՞տք է՝ կգովես, կստես, կկեղծես, կարդարացնես, ստորագրություն էլ կթողնես, որ հենց դու հանկարծ չզրկվես սպասվող հյուրախաղերի «յուղոտ պատառից»: Ահա այս՝ ներսի արտիստների անառողջ, բայց հասկանալի վարքն է հիմնական խնդիրը, որը թույլ չի տալիս փակել թատրոնի ճահճացման և վայրենաբարո բարքերի ժամանակաշրջանը՝ հեռացնելով այդ շրջանի «վերջին մոհիկան» Կ. Օրբելյանին և իր շրջապատը:
- Դատելով Ձեր խոսքերից՝ խնդիրը ոչ միայն չարաշահումներն ու անօրինականություններն են, այլև ՝ բարքերը:
- Խեղաթյուրված բարքերը, նաև՝ գործելաոճն ու ղեկավար անձինք: Այս ամենը փոխկապակցված են, մեկը մյուսից բխող: Իսկ անօրինականություններն անկասելի հետևանքն են ապօրինի կառուցված դաշտի մեջ ապօրինաբար գործող ղեկավար անհատների, որոնք դեռ մի բան էլ ավել՝ պրոֆեսիանալապես կապ չունեն իրենց տրված գործառույթների հետ:
- Որպես թատրոնի դռների հակառակ կողմում մնացած արտիստ՝ իրավիճակի շտկման ինչպիսի՞ ելք եք տեսնում:
- Ելքը մեկն է: Թե «դրսի», թե՛ ներսի արտիստները մեկ մարդու պես պիտի մի կողմ դնեն իրենց նեղ անձնական շահը և համախմբվեն բոլորիս աչքի առաջ կատարված նույն իրականության շուրջ. պարոն Օրբելյանն, այո, հրավիրվել է որպես գեղղեկ, բայց երբևէ կապ չի կարող ունենալ առհասարակ որևէ օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պարտականությունների, գործառույթների և կարողությունների հետ: Նաև, բացարձակ վայրենի ապօրինության պայմաններում յուրացրել է Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը: Ահա սա է՝ ինչ կա: Արդարության հաղթանակը և մեր թատրոնի վրայից կեղծիքի ու ստի «սև ամպերի» հեռացումը պիտի գերխնդիր լինի այս պահին:
- Որքան հասկանում եմ, դժգոհությունները հիմնականում անձնավորված են՝ Կ. Օրբելյան, Կարինե Կիրակոսյան… Ինչպես ինքներդ նշեցիք, կան և՛ բողոքողներ, և՛ Օրբելյանին սատարողներ: Մե՞ծ է բողոքող արտիստների թիվը:
- Նախ, ոչ ոք չի կարող կոնկրետ թիվ նշել: Սակայն ավելի հավանական է, գերակշիռ մասն է բողոքում, քանի որ թատրոնի բեմում անարդարացի և կոպիտ, անհավասար ոչ զբաղվածությունը նույնպես արտիստների գերակշիռ մասի գերխնդիրն է, բայց կա վերը նշածս մոտեցման ավանդույթը, որը թույլ չի տալիս պարզեցում այս հարցում: Տարատեսակ բիրտ երևույթներից զզված՝ երբեմն չեն դիմանում այլևս և պոռթկում են, բայց վախը չի թույլ տալիս, որ անկանոն բողոքի ցույցերը կոնկրետ հաղորդագրության տեսք ստանան:
Ինչ վերաբերվում է անձնավորմանը, սա զուտ անհատի հետ կապված խնդիր չի, այլ՝ նրա գործելաոճի: Դժգոհությունները թե՛ Օրբելյանից են, թե՛ նրա ֆոնին մյուսների վարքի զանազան կամայականություններից, որոնց հանդեպ Կ. Օրբելյանը, կարծես պատվիրված, բացարձակ «խուլ ու համր» է:
- Դո՞ւք ինչու հայտնվեցիք «դռներից» այս կողմ:
- Իմ պատմությունը մի քիչ շատ ցավոտ է: Ես 2008թ.-ին թատրոնում իմ առաջին դերերգը (իշխանուհի Թամար՝ Ա. Տիգրանյանի «Դավիթ բեկ» օպերայում՝ հեղ.) բեմ հանելուց հետո աշխատանքի եմ ընդունվել: 2014թ.-ի ավարտին թեպետ կանոնակարգին չհակասող, բայց կոպիտ իրավախախտմամբ ինձնից խլվել է իմ հաստիքը՝ լրիվ 1 դրույք: Դրանից 1 տարի անց՝ ևս 2 տարով զբաղված եմ եղել թատրոնում՝ ժամավճարային պայմանագրի կարգով: Եվ վերջապես, 2017թ.-ի նոյեմբերի վերջին տեղի ունեցած թատրոնի գեղխմբերի հերթական չարաբաստիկ և խայտառակ որակի ատեստացիայի հենց հաջորդ օրը, չգիտես ինչու, վերջնականապես վերջ դրվեց իմ մուտքը թատրոն: Հավանաբար, որ ծանոթ չլինեի ատեստացիա կոչեցյալի մութ մանրամասներին… Ինձ օգնելու նամակներով դիմեցի թե՛ Կ.Օրբելյանին, թե՛ Կ.Կիրակոսյանին, բայց…
Գիտեք, թեև մինչ այդ պայմանագիրս ավարտվել էր, բայց ինձ համար երբեք խնդիր չի եղել թատրոն մուտք գործելը: Կ.Օրբելյանին և Կ.Կիրակոսյանին դիմելուց հետո «բացառիկ բարեհաճ վճիռ» կայացվեց՝ պարզվեց, ինձ համար ամենանգամյա մուտքի անցաթուղթ է լրացվելու... Հիմա ծիծաղս հազիվ եմ զսպում, բայց այն ժամանակ ամենևին ծիծաղելի չէր դա: Այդ «բացառիկ բարեհաճության» պայմաններում 1-2 անգամ ստիպված էի գնալ՝ հանուն երկարամյա կոնցերտմայստրիս հետ կապված լինելու մի քանի կարևոր փորձի: Բայց հետո նույնիսկ ցանկությունս կորավ թատրոն գալու: Պատկերացնո՞ւմ եք, զարմանքով մի օր պարզեցի, որ վերջապես գտել էին իմ ոտքը թատրոնից վերջնականապես կտրելու ամենախարդախ ձևը. ստորացուցիչ հարցաքննություններ ծառայողական մուտքում (ստորագրում էի և՛ ես, և՛ կոնցերտմայստրս), կարճ հիշեցում-ճառեր, որ իրավունք չունեմ որևէ տեղ գնալ, այլ միայն փորձի, այն էլ նշված ժամանակի սահմաններում: Անգամ 15 րոպեի համար անցնում էի այդ ստորացուցիչ «պարտադիրները» և զարմանում եմ, թե որքան արագ իմ մեջ այդ օրերին սպանեցին թատրոն մտնելու, թատրոն գալու ցանկությունը.. Դե, հավանաբար, անկապ քանակի և կողմնորոշման «մասնագետները», որոնցով լի է թատրոնը, հենց նմանատիպ տեխնոլոգիաների մշակմամբ են իրականում զբաղված…
- Երբևէ հանդիպում, քննարկում ունեցե՞լ եք Կոնստանտին Օրբելյանի հետ, փորձե՞լ եք նրանից պարզել՝ թե ինչո՞ւ է արտիստներից ոմանց գերհագեցած ռեժիմ ապահովում, ոմանց՝ պարապուրդի մատնում:
- Մինչ լրիվ դադարել հաճախելս թատրոն, Կ. Օրբելյանի ներկայությամբ 3, 4 ունկնդրում եմ երգել, կարծես թե խրախուսանք, կամ գնահատանքի պես ինչ-որ բան նկատել եմ իր կողմից: Մեկ անգամ, այո՛, ունեցել եմ քննարկում, բայց ես ինձ, բնականաբար, չեմ վերապահել իրավունք և ինձ համահավասար չեմ դիտել՝ առճակատյա հարցեր տալու և պատասխաններ պահանջելու համար: Համարել եմ, որ բարձր մշակույթի ներկայացուցիչ է, երևի բոլորից լավ գիտե՝ ի՞նչ և ինչպե՞ս: Ի դեպ, չնշել չեմ կարող, որ երբ 2017թ.-ի օգոստոսից օպերային թատրոնում իմ նախաձեռնությամբ որոշեցինք և կարողացանք Վ.Ա. Մոցարտի «Այդպես են վարվում բոլոր կանայք» (Cosi fan tutte) օպերայի կազմ հավաքել, և երբ 2-3 ամսում սովորել էինք ողջ նյութը, դիմեցի Կ. Օրբելյանին՝ խնդրելով համերգային կատարման որևէ առիթ տրամադրել և թույլ տալ դիրիժորի հետ նախապես մի քանի ամիս մշակենք նյութը: Նա, իր հայտնի տակտիկայի համաձայն, բացահայտ չմերժեց, բայց հաջորդիվ, հարցը սահուն կերպով խափանվեց և որպես վերջնահաշիվ՝ 1-2 շաբաթ անց ինձ արգելեցին Օպերային թատրոն մտնել… Ես, հիշելով այդ դիպվածը, միշտ մտածում եմ, թե ինչ կարգի բարբարոս ու վանդալ պետք է լինել, որ այդ բարդության աշխատանքն այդպես սիրով և սահուն կատարելուց հետո արգելել դրա աճը և կյանքը.. Այդ մարդու՝ միջազգային նշանակության «գերաստղ» լինելու միֆը 0-ի է համարժեք:
Մի ցավալի դեպք էլ հիշեմ: Երբ անցյալ 2017թ.-ի սկզբից մաեստրո Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ սկսեցինք Ջ.Վերդիի Ռեքվիեմի վրա աշխատելու պրոցես, մի քանի շաբաթ անց հանկարծ ինչ-որ ունկնդրում «բուսնեց», որի արդյունքում փորձերը կանխվեցին անորոշ ժամանակով: Որոշ ժամանակ անց, երբ նույն Կ.Օրբելյանի օգնական և կոնցերտմայստրն առաջարկեց հենց իմ մասնակցությամբ կազմի հետ նյութի մշակման աշխատանքներ անցկացնել, 1-2 անգամից հետո դրանք, նույնպես, առանց որևէ բացատրության կասեցվեցին: Արդյունքում, ճարպիկ մանյովրների սահուն շարքով հաջողվեց հենց հատկապես ինձ լրիվ դուրս մղել այդ Ռեքվիեմի կատարումից՝ Պ.Միչիկեի հեղինակած ներկայացման մեջ:
Ես միշտ կրկնում եմ՝ ո՞վ է Օրբելյանը: Դա ժպտացող «հրե՞շ» է, թե՞ պարզապես թատրոնը վերահսկող խարդախ ուժերի խամաճիկ: Պարզել է պետք, հետաքննություններ են պետք, հարցաքննություններ, ուսումնասիրություններ. որտեղի՞ց և ու՞մ գլխում են ծագում մեր սեր - գործի հանդեպ այսպիսի հրեշավոր ոտնձգությունները… Ինչպես տեսնում եք, Կ.Օրբելյանի ռեակցիաներն ամենևին միանշանակ չեն: Նա կարող է գովեստ շռայլել շուրթերով և «քար գցել» ճամփիդ սեփական ձեռքով: Էլ ի՞նչ իմաստ ունի այդպիսի մարդու հետ ցանկացած քննարկում:
Ավելի լավ է՝ թող պարզաբանի՝ ո՞վ կամ ովքե՞ր են գործում իր անունից, իր թիկունքում: Ու եթե դրանք կան, ինչու՞ ինքն այդչափ անկարող է այդ ուժերին հակասող այս կամ այն ստեղծագործական վճիռը կայացնել մեր Օպերային թատրոնում: Միմիայն նման ծավալուն քննարկումը կբերի բացահայտումների և կտա պատասխանը, թե ու՞մ է ձեռնտու երգիչներից ոմանց անհարկի ծանրաբեռնել երգաբաժիններով, իսկ մյուսներին պահել դուրս շպրտման շեմին՝ զանազան փոքրիկ դերերգեր նետելով՝ որպես մուրացիկի բաժին: Հենց սրա համար կարիք ունենք նոր տնօրենի, որը վերջ կդնի այս վանդալիզմին, այս բարբարոսությանը:
Կ.Օրբելյանի «թագավորությամբ» մեր օպերային թատրոնի բեմը 100%-ով դարձավ վերահսկելի, այնտեղ այլևս 1 % չկա ազատ շնորհքի ճախրանքի համար, այլապես ես հանուն այդ 1% - ի էլ կապեի ինձ այդ վայրին:
- Բազմիցս նշվել է, որ Կ.Օրբելյանը անօրինական կերպով 3 հաստիքներ է զբաղեցնում՝ տնօրենի, գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի: Իրականում, արտիստները դժգոհ եք նրա ո՞ր գործունեությունից՝ մենեջերակա՞ն, թե՞ ստեղծագործական:
- Նախ և առաջ, դժգոհ եմ այդ մեծ ստի ընթացքից: Բոլորին հայտնի կոպիտ իրավախախտմամբ «զավթված» տնօրենի պաշտոնից թատրոնի համար ի՞նչ լավ բան կարել է ակնկալել: Մի՞թե չար ծառը բարի պտուղ կտա: Այդ մարդուն, ա՛յո, հրավիրել են ստանձնելու Երևանի Օպերային թատրոնի գեղղեկի պաշտոնը: Բայց անձամբ ինձ, որպես երաժիշտ, բոլորովին անհասկանալի է այն, որ գլխավոր դիրիժորի պաշտոնը նա նույնպես «կուլ է տվել»…
- Քիչ ժամանակ չէ, որ նա այդ պաշտոնում է, ինչո՞ւ եք միայն նոր անվստահություն հայտնում:
- Կոնկրետ ես այդ մասին այս տարի եմ միայն իմացել: Կ.Օրբելյանը օպերային դիրիժոր չէ՛, նա կամերային ժանրի դիրիժոր է: Այդ ինչպե՞ս կարող է նա տեր կանգնել որևիցե մի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնին, երբ չի չափ տվել գոնե մի 10 օպերային գործ: Ես օպերային երգչուհի եմ, քանի որ ես սիրով և անխնդիր մի 10 օպերային դերերգ գոնե որ հաստատ կատարում եմ բեմում, արդեն կայացրել եմ բեմում: Աբսուրդ է: Չե՛նք ուզում բացահայտ անոմալիա մեր թատրոնում:
Էլ չասեմ, որ 2016թ.-ին էլ բոլորի աչքի առաջ պետական ամենաբարձր մակարդակով տեղի ունեցավ պարոն Կ.Օրբելյանի և նրա՝ բարձր դիրքի հայտնի ու անհայտ համախոհների կողմից Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնի «զավթման» փայլուն գործընթացը:
Կամ ասացեք խնդրեմ, ինչպե՞ս կարող է խոսք տարվել Կ.Օրբելյանի մենեջերական կամ ստեղծագործական գործունեության մասին: Ո՞ր գործունեության, այն, որ Լիպարիտ Ավետիսյանի բարձրագույն խաթեր համար մի ողջ ներկայացում (Ժ.Մասնեի «Մանոնը»՝ ողջ հագուկապով ու տուն-տեղով) ժամանակավորապես «քոչում» է Երևա՞ն: Թե՞ որ 3 տարի առաջ լավից-վատից բեմադրված Ջ. Բիզեի «Կարմեն» օպերան, որի վրա հսկայական գումարներ էին ծախսվել, հանկարծ հռչակվում է հնացած: Թե՞ միգուցե որպես գործունեություն ընկալենք Պ.Միչիկեի մեկնաբանությամբ Ջ.Վերդիի Ռեքվիեմի՝ մեր թատրոն կիսահյուրախաղային մեթոդով ներկրված ներկայացու՞մը… Այս երեք՝ արդեն փաստացի կեղծ իրագործված խնդիրների միջև Դուք տեսնու՞մ եք որևէ բովանդակային ընդհանուր առանցք: Ցաքուցրիվ, անկանոն, չհամակարգված որոշումները հարի՞ր են Օպերային թատրոնի սուպերինտենդանտին: Անձամբ ես այստեղ տեսնում եմ լոկ քմահաճույք՝ պայմանավորված Կ.Օրբելյանին և նրա թիկունքի և կողքի «գլուխներին» մոտ կանգնած թատրոնի որոշ փոքրաթիվ մենակատարների բեմական շահով: Սա որևէ կապ չունի մեր օպերային թատրոնի բոլոր՝ մեկը մյուսից դժվարին, լրջագույն խնդիրների լուծման հետ: Սա պարզապես մի «խրախճանք է ժանտախտի օրերին», մինչ թատրոնը օր առ օր ավելի խորն է սուզվում անելանելի կեղտի, ստի ճահիճը:
- Տիկին Ազիզյան, Դուք բազմաթիվ գանգատներ նշեցիք: Այնուամենայնիվ, Ձեր պահանջն է, որ պարոն Օրբելյանը թատրոնի դռները բացի թատրոնից դուրս մնացած արտիստների առջև՞, թե՞ ինքն ընդհանրապես հեռանա թատրոնից:
- Ես կուզեի, որ այդ մարդը լրիվ հեռանա: Ինձ համար բարոյական մահ և ինքնաբացարկ է արդեն այն, որ պարոն Կ.Օրբելյանն ի վերջո դիմեց միջոցներից ամենանվաստին՝ գնալով գործարքի և փոխպայմանավորվածության թատրոնի շուրջ և դրա ներսում վխտացող մութ անձանց և ուժերի հետ, երբ սկզբում բոլորին հավատացնում էր, որ աննախադեպ բարեփոխումների մեկնարկով է զինված: Օրինակ, բերեմ 2017 թ.-ի նոյեմբերին կայացրած խայտառակ ատեստացիան, որի ընթացքում ոչ միայն ո՛չ մի ուռճացված հաստիքով և նստակյաց-անգործ գոյակերպի «խծբ» չտուժեց, այլ այդ գործում ավելի հաջողակների աշխատավարձերը և կարգավիճակները միայն աճեցին: Հապա որտե՞ղ մնացին Կ.Օրբելյանի ամեն տեղ լսվող հայտարարությունները, թե իրենք ունեն մոտ 55 մենակատար, բայց դրանց լիմիտավորված քանակը պետք է լինի 37, 38… Այո՛, այսօր պարոն Կ. Օրբելյանը մեր Օպերային թատրոնի ներսում սպասարկում է մոտ 60 ուռճացված հաստիք, և դա դեռ միայն թատրոնի օպերային խումբն է. ոչ ոք չի աշխատում վճարվածին համարժեք և ո՛չ իրենց մեղքով բացառապես: Եթե այդ խմբի արտիստներն ասեն, որ իրենց համար աշխատանքային պայմաններ ոչ թե վատ, այլ բոլորովին չեն ստեղծվում, իրենք բավական մեծ չափով կլինեն իրավացի: Նույն պատկերն է բոլո՛ր բաժիններում. թե՛ գեղարվեստական, և թե՛ ադմինիստրատիվ:
Բայց տեսեք, մաեստրո Զավեն Վարդանյանն այն կարծիքի է, որ Կ.Օրբելյանի համար մեր Օպերային թատրոնում ստեղծելով թատրոնի պրոդյուսերի պաշտոնը, կարելի է նպաստել, որ այդ մարդը շարունակի թատրոնի ներսում գործել, իր կարեցածի չափով թատրոնին և իր հավանած մենակատարներին աշխատանք կամ բեմադրություններ հարմարեցնելով ինչպես այստեղ, այնպես էլ արտերկրում: Դրանով Կ.Օրբելյանն, ըստ էության, հիմա էլ զբաղվում է թատրոնում: Բայց դա, իհարկե, անգամ հեռավոր նմանություն չունի գեղարվեստական ղեկավարի գործառույթների հետ՝ սկսած նրանից, որ պարոն Կ.Օրբելյանը չունի ո՛չ մի պատկերացում հայ ազգային պատմական թատրոնի, երգ-երաժշտության ծագման և դարավոր ընթացքի մասին, և վերջացրած նրանով, որ փաստորեն չի էլ գիտակցում, որ որևէ օպերային թատրոն առանց հստակ մշակված մշակութային համակարգի, չի կարող քմահաճույքաբար գոյատևել: Եթե հասկանար, գուցե ինչ-ինչ քայլեր այդ ուղղությամբ կձեռնարկեր, չէ՞, այլ ոչ թե այն աստիճան անտեղյակ կլիներ օպերային թատրոնի կառավարման ժամանակակից մեթոդիկաներից, որ կույրի պես հիմք կընդուներ իրեն դեմ տրված սովետական ճահճից մեր թատրոնում ժառանգած բրածո կանոնակարգերը և հին ու հիմար աշխատանքային մեթոդիկան: Իրեն բազմիցս կառուցողական և հիմնավոր մշակութային կառավարման համակարգերի նմուշներ են առաջարկվել դիտարկել, ասել է՝ «да, да, сделаем»… Բայց, միայն ասել է: Նախապատվությունը տվել է կարճաժամկետ, ինչ-որ պատահական ընտրության միջոցառումների՝ թատրոնի ռեսուրսները և ժամանակը սպանելով և մի կողմ նետելով լավից-վատից խաղացանկ ապահովող ներկայացումները:
Հարցրե՛ք պարոն Կ.Օրբելյանին, թե քանի ներկայացում է եղել և քանի մարդ է երգել, օրինակ, այս տարի: Պատասխանելու դեպքում գիտե՞ք նա Ձեզ ինչ կասի՝ ինքն այնքան վատ գեղղեկ է, որ արդեն երրորդ տարին է, ինչ տարին մեկ անգամ բեմ դուրս գալը «հատուկ պատիվ» է դարձել ներսի շատ արտիստների համար: Բայց չէ՞ որ փոխարենն աշխատավարձի խնդիր չունեն՝ կասի նա Ձեզ: Ահա սա է այս հակատրամաբանության իրական պատկերը:
Ինչ վերաբերվում է Ձեր մյուս հարցադրմանը, ասեմ, որ ես իմ մեջ թատրոն՝ ամեն գնով մուտք գործելու ոչ մի հակում չեմ զգում հիմա: Համենայնդեպս, այս կտրվածքի «թատրոնն» ինձ հետ որևէ կապ այսօր չի կարող ունենալ: Իմ աշխատանքը անխտիր դեն է նետվելու, եթե անգամ անթերի լինի, քանի որ ինձ համար չեն զանգել և չեն զանգելու, չեն վճարել և չեն վճարելու, և իմ մերձավորները այցելում են միայն իմ մասնակցությամբ ներկայացումներ, և երբե՛ք նախապես՝ որոշ պաշտոնյաների աշխատասենյակներ:
Կարծում եմ՝ հենց իմ մեջ մղում արթնանա դարձյալ թատրոն մտնելու՝ դա կնշանակի, որ ինչ-որ բան այնտեղ մեզ հաջողվել է կտրականապես փոխել, այլապես՝ երբե՛ք.. այս պարագայում իմ նման անպաշտպան մեկն անելիք չունի այդ վայրում:
Իսկ մյուսների մասին կարող եմ ասել՝ այո՛, անխո՛ս, իմ կարծիքով, բոլորը, ովքեր անտեսանելի թելերով կապված են մշակութային տվյալ օջախին, պետք է գան-գնան՝ սնելով այդ օջախն իրենցով, կամ՝ սնվելով այդ օջախից: Չէ՞ որ ասում ենք «մայր բուհ», «մայր կոնսերվատորիա», «մայր թատրոն»... Բայց սա Կարինե Կիրակոսյանի գլուխը, դե իհարկե, չես մտցնի: Այսպիսի բաները տրված է կա՛մ հասկանալ, կա՛մ՝ ոչ, և երկրորդի դեպքում, ցավոք, ոչինչ չես փոխի... Եվ դարձյալ նույն հարցը՝ ի՞նչ գործ ունի և ի՞նչ է կորցրել այդ կինը մեր հարազատ թատրոնում...
- Մշակույթի նախարարի պաշտոնակատարին ուղղված նամակներ են եղել, եթե չեմ սխալվում՝ նաև հանդիպում-քննարկում: Առանձնազրույցներում հասկացե՞լ եք՝ հարցի ինչպիսի՞ լուծում է տեսնում Լիլիթ Մակունցը:
- Ես երբեք որևէ հավատ չեմ ընծայել, որ ՀՀ Մշակույթի նախարարությունը, որտեղ «ապրել և ստեղծագործել են» Հասմիկ Պողոսյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Սմբատյանը և էլի շատերը, կարող է որևէ էական և լուրջ բարեփոխման լծակ հանդիսանալ: Եվ այդպես էլ եղավ. բազմաթիվ հանդիպումների, խոստումների, սպասելու և համբերելու հուսադրող հետևողական կոչերի արդյունքում այսօր խափանված է ամեն վճռական փոփոխության հույսն անգամ: Թե իրականում ի՞նչ լուծում էր տեսնում Լիլիթ Մակունցը՝ այսօր տեսնում ենք բոլորս՝ ոչ մի: Ես չեմ ստի՝ ասելով, որ հույսեր եմ փայփայում, թե կառավարությունը գերազանց լուծում կտա այս հարցին, վերը և վարը շարադրածիս համաձայն՝ գերազանց: Չեմ ձևանա, որ այն աստիճան պարզամիտ եմ, որ մի վերջին հույս ունեմ, թե օպերայի ներսի գեղկազմերը կմիավորվեն և արժանի լուծում կտան այս հարցին. ամեն մեկին իր գրպանն ավելի մոտ է: Բայց վստա՛հ եմ՝ եթե համարում ենք, որ մեր երկրում իրավիճակ է փոխվել, ուրեմն այս խնդրին պիտի անվախ և անկասելիորեն հեղափոխական, համընդանուր հիացմունքի արժանի լուծում տրվի՝ Կ.Օրբելյանին եռյակ կայսերական պաշտոնավարումից փառավորապես զրկելով, ապա թե ոչ՝ ուրեմն մեր շուրջը ոչինչ էլ չի փոխվել: Նրանք, ովքեր դա բացարձակապես իրավասու են իրագործել, իրականում երկմտում են, տատանվում:
- Օրբելյանից դժգոհ արտիստներդ ունե՞ք ձեր թեկնածուն տնօրենի և գեղղեկի պաշտոններում:
- Կարևոր է նշել, որ հենց տնօրենի պաշտոնն է, որ հատկապես կարևոր է անպայման կորզել պարոն Կ.Օրբելյանի, իր «թիկունքի», «գլխավերևի» և կողքինների թիմի ճիրաններից. սրանում բոլորս միանշանակ համամիտ ենք: Բանն այն է, որ իրականում տնօրենի դերը «»խաղում» Կարինե Կիրակոսյանը, որը ոչ մի կապ և պատկերացում չունի Օպերային թատրոնի, արտիստ ասվածի, Օպերային թատրոնի խաղացանկի և մի ամբողջ կույտ ամենահասարակ տարրական բաների մասին: Ես վստահ եմ, որ դժգոհ և բողոքող արտիստների տեսանկյունը մեկն է. այն սկզբունքային խնդիրները, որոնց լուծման դիտակետից պիտի ընտրվի կամ համապատասխան մրցույթ շահի Օպերային թատրոնի հաջորդ տնօրենը, բացառապես հակառակն այն ամենի, ինչ արվել է Կ.Օրբելյանին տնօրեն համար:
Գիտեք, այդ մարդիկ շատ լավ և երկար մեր բոլորի աչքը մտցրին, թե ինչպե՞ս չի կարելի պաշտոն ստանալ և ինչպե՞ս չի կարելի վարվել՝ որպես տնօրեն. Ի հակադրություն մինչ այսօր կատարվողի՝ պետք է հասկանանք, որ տնօրենը չպե՛տք է թատրոնից շաբաթներով և ամիսներով բացակայի: Պե՛տք է քաջատեղյակ լինի հայ լեզվին և մշակույթին, պատրաստ լինի գնալ լրջագույն կառուցվածքային փոփոխությունների թե՛ գեղարվեստական, և թե՛ ծառայողական հատվածներում, պետք է լինի բավականաչափ քաջ՝ իրերն իրենց անուններով կոչելու և յուրաքանչյուրին երկաթյա, բայց ողորմած ձեռքով իր տեղը հրավիրելու համար, պե՛տք է լինի այնպիսին, որի օրոք իրենց բոլոր առումներով բացարձակապես պաշտպանված են զգում թատրոնին այս կամ այն չափով կապվա՛ծ, բայց ո՛չ մի դեպքում թատրոնից վտարված արտիստները, պիտի ունենա «ողնաշար» և ճաշակ՝ մաքրելու համար թատրոնում կուտակված ողջ կեղտն ու ճահիճը:
Եթե մենք ունենայինք այնքան կամք, որ շուտով ունենայինք ահա այսպիսի տնօրեն, հենց այդ տնօրենի առկայությունն ու հետագա աշխատանքն էլ ցույց կտար, թե արդյոք պարոն Կ.Օրբելյանը ի վիճակի է շարունակել գեղղեկի պաշտոնավարումը, թե՞ նրանք, ովքեր իրեն այդ պաշտոնին հրավիրել են՝ մեղմ ասած, չափազանցրել են այդ մարդու կարողությունները: Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնի մասին խոսել նույնիսկ ավելորդ է, երբ մարդը կամերային նվագախմբի դիրիժոր է: Ո՞վ է եղել այն տխմարը, որ այդ պաշտոնը նույնպես հագցրել է պարոն Կ.Օրբելյանի՝ առանց այն էլ ծանր մյուս երկու պաշտոնների «զրահների» վրայից:
- Տիկին Ազիզյան, ի վերջո, որո՞նք են լինելու Ձեր հաջորդ քայլերը:
- Մեր նմանները երբեք չեն դադարելու գործել իրադրություն շտկելու, այն հեղափոխելու, մաքրելու և ճիշտ ուղու վրա պարտադրել-դնելու ուղղությամբ և ասեմ, որ մենք՝ այսպես մտածողներս և քաջարիներս, միա՛յն շատանալու ենք:
Երբեք չենք դադարելու օգնել, առաջարկել, քննադատել, օժանդակել և հուշել՝ ցույց տալով, որ այս ձևաչափով միայն կարող է կառուցվել մի ճանապարհ, որը անխտիր բոլորի՛ն է տեղ հասցնում:
Չե՛նք դադարելու մեր քայլերով հիշեցնել, որ եթե մեկը պաշտոն չարաշահելով կարող է արտիստին նեղացնել, նրան ստորացնել, դուռ փակել նրա դիմաց՝ նրա հարազատ թատրոնի առջև, երբ մեկը ընդունակ չէ լսել ու հասկանալ արտիստին, չի փորձում օգնել նրան, ապա ինքը ևս անպայման արժանանալու է այդ նույն մշակութային օջախից մերժված և անպտուղ հեռանալու բախտին:
Եվ հետո, ամեն մարդ մեր երկրում պետք է անխոնջ ծառան լինի իր ոլորտի: Չէ՞ որ մենք ազգովի քիչ ենք: Բայց եթե մեզ չխանգարեն, մենք կարող ենք ծաղկեցնել մեր շուրջը և, ամենակարևորը, միմյանց վարակել իրար հանդեպ հոգացող, սիրալիր և ազնվամիտ վարքագծով:
Ահա սա է իմ պատկերացրած, ինձ համար ցանկալի քայլերի հաջորդականությունը: Հավատացեք՝ մեր հետզհետե մեծացող, այսպես ասած, «բողոքողների և դժգոհների» խմբի քայլերի տեսլականը նույնն է. մաքրել, հեղափոխականորեն վերաիմաստավորել և նոր դիմանկար ստանալ հենց մեզ հարազատ և սիրելի վայրի՝ օպերային թատրոնի համար: