04/01/2019 18:00
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա հունվարի 14-ին
Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին, ժամը 10:00-ին, այդ մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Ղեկավարվերլով «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն որի ԱԺ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը ժամը 10-ին, որի մասին հայտարարում է ԿԸՀ նախագահը, հայտարարում եմ՝
ԱԺ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի օր է հայտարարվում 2019-ի հունվարի 14-ի երկուշաբթի օրը, ժամը 10.00-ին»։
Նշենք նաև, որ ԿԸՀ այսօրվա նիստում կազմվեց արձանագրություն, որով բաշխվեցին մանդատները խորհրդարանական երեք ուժերի միջև:
Ըստ այդմ՝ ԱԺ-ում մեծամասնություն է կազմելու Իմ քայլը դաշինքը, որը կունենա 88 պատգամավորներ, քանակով երկրորդը լինելու է Բարգավաճ Հայաստան խմբակցությունը՝ իր 26 պատգամավորներով: Խորհրդարանական երրորդ և իրեն ընդդիմադիր հռչակած ուժը Լուսավոր Հայաստանն է, որը կունենա 18 պատգամավոր: