08/01/2019 19:44
Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշումը դատարանը կայացրել է գաղտագողի. Փաստաբան
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը այսօր բավական անակնկալ տեղեկացել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է կալանավորել իր պաշտպանյալին:
Փաստաբան Միհրան Պողոսյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ դատարանն այդ որոշումը կայացրել է դեռ դեկտեմբերի 30-ին, բայց իրենք տեղեկանում են այսօր:
«Այսօր առավոտյան, աշխատանքային առաջին օրը որոշեցի գնալ Հատուկ քննչական ծառայություն ծանոթանալու լրացված մեղադրանքի վերաբերյալ նյութերին, փաստաթղթերին, սակայն ինձ քննիչն ասաց, որ դատարանը որոշել է կալանավորել պաշտպանյալիս», ասաց Պողոսյանը:
Նկատենք, որ դեկտեմբերի 30-ը Հայաստանում ոչ աշխատանքային օր էր, կիրակի:
Նրա խոսքով, մինչ այսօր այդ որոշման մասին տեղեկանալը, քննիչից որևէ ծանուցում՝ ոչ հեռախոսազանգի, ոչ հաղորդագրության տեսքով չի ստացել:
«Դատարանը գաղտագողի կայացրել է ապօրինի որոշում, որի համար բոլոր պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն», ասաց Պողոսյանը՝ ընդգծելով, որ վիճարկելու է պատկան մարմինների ներկայացուցիչների վարքագիծը և պահանջելու է, որ ապօրինություն թույլ տված իրավապահները պատժվեն:
Բացի այդ, փաստաբանը պատրաստվում է բողոքարկել Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում:
Վահագն Հարությունյանին, հիշեցնենք ամիսներ առաջ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը»։ Սակայն վերջերս այդ եմղադրանքը լրացվեց Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով ևս՝ 308–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» և 309–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով՝ «Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»:
Փաստաբանն ասում է, որ նախկին պաշտոնյան չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: