08/01/2019 10:22
«Արցախ»-ն ունի նոր սեփականատեր և գլխավոր մարզիչ
Տեղի է ունեցել Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ փոփոխություն. Սևան Ասլանյանի փոխարեն ակումբի նոր սեփականատեր է դարձել Կարեն Աբրահամյանը, որը ստանձնել է նաև ակումբի նախագահի պաշտոնը, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։
«Հայկական ֆուտբոլը, կարծում եմ, մեծ հեռանկարներ ունի: «Արցախ»-ին վերաբերող բավականին հավակնոտ ծրագրեր ունենք, որոնց ձեռնամուխ ենք լինելու ակումբի համալրման աշխատանքները ավարտին հասցնելուց անմիջապես հետո», - ֆուտբոլիստների և մազչական կազմի հետ առաջին հանդիպման ընթացքում հայտարարել է Կարեն Աբրահամյանը:
«Չնայած իր դեռևս կարճ պատմությանը, «Արցախ»-ը այն ֆուտբոլային ակումբն է, որի կազմում հիմնականում հայաստանցի ֆուտբոլիստներ են` թե' փորձառու, թե' երիտասարդ: Մինչև այս մրցաշրջանի ավարտը թիմը պետք է անցկացնի ևս 16 խաղ: Դրանցից յուրաքանչյուրում ակնկալում եմ տեսնել նվիրվածություն, դիտարժան ու արդյունավետ ֆուտբոլ», - հավելել է ակումբի նոր սեփականատերը:
Միևնույն ժամանակ, ակումբից հեռացել է գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը. նրա փոխարեն ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Սևադա Արզումանյանը։ Մարզչական 15-ամյա գործունեության ընթացքում Սևադա Արզումանյանը գլխավորել է Երևանի «Արարատ» և «Ուլիս» ակումբները, Կապանի «Գանձասարը»։