09/01/2019 12:55
«Коммерсант». Երևանը գազի գինը չի բարձրացնի, սակայն «Գազպրոմը» կարող է նվազեցնել ներդրումները Հայաստանում
«Գազպրոմը» վերջին պահին կարողացել է պայմանավորվել Հայաստանի նոր իշխանությունների հետ 2019-ին գազի գնի 10 տոկոսի չափով թանկացման վերաբերյալ՝ մինչև 165 դոլար 1000 խմ-ի համար: Չնայած պայմանավորվածությունն ունի ֆորմալ տեսք՝ գինը թանկացել է «Գազպրոմ Արմենիայի» համար, սակայն ներքին սակագները Երևանը պատրաստ չէ բարձրացնել: Ըստ փորձագետների՝ փաստացի «Գազպրոմը» կարողացել է չեղարկել ներքին զեղչերը, որի հաշվին իր դուստր ընկերությունը երկրի ենթակառուցվածքում ներդրումներ էր իրականացնում:
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսանդր Միլլերը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 31-ին ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր՝ «Գազպրոմ Արմենիային» գազի մատակարարման պայմանագրի համար: Այս տարվա հունվարի մեկից Գազպրոմը Հայաստանին վաճառվող գազի գինը թանկացրեց 10 տոկոսով՝ 1000 խմ-ի դիմաց սահմանելով 165 դոլար: 2016-ի պայմանագրով 165 դոլար արժեքը նվազեցվում էր մինչև 150 դոլար:
Հայաստանին գազի մատակարար «Գազպրոմ Արմենիայի» հետ պայմանագիրը կնքվել էր 2013 թվականին՝ տարեկան մինչև 2,5 մլրդ խմ ծավալով վառելիքի մատակարարմամբ: 2018-ի 9 ամիսներին Հայաստան է մատակարարվել 1,37 միլիարդ խմ գազ:
«Գազպրոմը» ստիպված էր լրացուցիչ պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանի նոր իշխանությունների հետ. 2018 թ. գարնանը երկրում հեղաշրջման արդյունքում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձել է վարչապետ: Դրանից հետո Երևանի պետական կառույցների հետ հարաբերությունները բարդացան: Հուլիսին պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է հարկային խախտումներ մի շարք գազալցակայաններում, այդ թվում, «Գազպրոմ Արմենիա»-ի դուստր ձեռնարկությունում՝ «Ավտոգազում»:
Այնուհետև հարկային պահանջներ են ներկայացվել «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ձեռնարկություններին: Գազային ընկերությունը հերքել է մեղադրանքները և հայտարարել, որ երկու տարվա ընթացքում կրել է տարեկան 27,6 մլն դոլարի վնաս: Կառավարությունը պնդում էր, որ 2019 թվականից գազի գինը պետք է նվազի: Արդյունքում, կողմերը համաձայնել են, որ գազի արժեքը կավելանա, բայց ներքին շուկայի սակագները (հազար խորանարդ մետրը 290 դոլար)՝ ոչ:
«Գազպրոմից» Երևանի հետ բանակցությունները չեն մեկնաբանել, մինչդեռ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազույցում հայտարարել է, որ կառավարության և «Գազպրոմ Արմենիայի» միջև սպառողների համար գազի գնի շուրջ քննարկումը կարող է ամիսներ տևել:
Այս առնչությամբ «Կոմերսանտը» ներկայացրել է նաև ռուս փորձագետների կարծիքը: Մասնավորապես՝ «Ռայֆֆայզենբանկից» Անդրեյ Պոլիշչուկը գտնում է, որ «Գազպրոմի» ու ՀՀ իշխանությունների նոր պայմանավորվածությունները կարող են հանգեցնել «Գազպրոմ Արմենիայի» մարժայի կրճատմանը, սակայն դա կրիտիկական բնույթ չի կրի: