09/01/2019 12:34
«Коммерсант». Մոսկվայում Փաշինյանը ստացել է անհարմար գործընկերոջ կերպար, ումից կարելի է սպասել ամեն ինչ
«Коммерсант» թերթի հունվարի 9-ի համարում հոդված է հրապարակվել, որտեղ հեղինակը վերլուծել է, թե ինչպես է Ռուսաստանը հարաբերությունները կառուցելու իր մոտ հարևանների հետ 2019 թվականին:
Հոդվածի հեղինակ Վլադիմիր Սոլովյովը գտնում է, որ 2019 թ-ին Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ Ռուսաստանի հարաբերություններում երաշխավորված կլինեն նոր սկանդալներ:
Ներկայացնում ենք հոդվածի մի մասը Հայաստանի վերաբերյալ:
Մայիսին Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը խլել է իր նախորդից՝ Սերժ Սարգսյանից, զբաղեցնելով նրա տեղը: Քաղաքական գործչի դաշնակիցը, որը նախկինում Հայաստանի սահմաններից դուրս ճանաչում չուներ՝ դարձավ փողոցը: Դրա աջակցությամբ պարոն Փաշինյանը հասավ նրան, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվեց իր մարդը, նաև անցկացրեց խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որում մեծ առավելություն գրանցեց մրցակիցների նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված «Թավշյա հեղափոխությունը» ամբողջ աշխարհին ստիպեց քարտեզի վրա փնտրել այդ երկիրը և պարզել, թե ինչ է այնտեղ կատարվում:
Առանց արյունի իշխանափոխությունը բարձր է գնահատվել է Արևմուտքի կողմից: Ամերիկյան Time ամսագիրը Նիկոլ Փաշինյանին շնորհել է «Ժողովրդավարության խաչակիր» կոչումը, իսկ բրիտանական The Economist- ը Հայաստանն անվանել է տարվա երկիր, կրկին ժողովրդավարության առաջընթացի համար:
Ռուսաստանի համար Նիկոլ Փաշինյանը դարձել է 2018 թվականի գլխավոր քաղաքական գործիչներից մեկը, չնայած առանց որևէ կոչման: Իհարկե, ժողովրդավարությունը դրա հետ կապ չունի: Ռուսական իշխանությունները զգուշորեն հետևել են հայկական հեղափոխությանը և նրա առաջնորդին: Եվ գրեթե առաջին անգամ ժամանակակից պատմության մեջ Մոսկվայի պաշտոնական արձագանքը, որը միշտ բացասական է ընկալում ցանկացած բողոքական շարժմում իր տարածքում կամ հարևանների մոտ, անշուշտ չեզոք էր, եթե ոչ բարյացակամ:
«Մենք հավատարիմ ենք երկու երկրների ժողովուրդների շահերից բխող բազմակողմ փոխշահավետ ռուս-հայկական համագործակցությանը և դաշնակցային համագործակցության ամրապնդման ու զարգացման համատեղ աշխատանքների շարունակմանը», - հայտարարել էր Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Հայտարարությունը հայտնվել է ճգնաժամի շրջադարձային շրջանում. Նիկոլ Փաշինյանը՝ հենվելով իրեն երկրպագող փողոցի վրա, հալածում էր հին ռեժիմը: Այն բանից հետո, երբ նա հասել է վարչապետական աշխատասենյակ՝ Մոսկվայի համար սկսվել են տհաճ անակնկալներ: Նոր իշխանությունը նախաձեռնել է հետաքննություն 2008 թվականի մարտին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, երբ Երևանում ընդդիմության հանրահավաքը (նրա կազմակերպիչներից մեկը` Նիկոլ Փաշինյանը), ցրելու ժամանակ մարդիկ էին սպանվել:
Մեղադրանքներ են ներկայացվել Կրեմլի համար ոչ խորթ ֆիգուրների՝ Հայաստանի նախկին նախագահ և Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկեր Ռոբերտ Քոչարյանին և այդ ժամանակ դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Վերջինս 2008 թվականին Երևանի կայազորի հրամանատարն էր:
Հետաքննությունը հանգեցրել է լուրջ առճակատման Ռուսաստանի հետ. Մոսկվան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետապնդումը համարել է որպես դիտավորյալ հարված` դաշինքի իմիջին: Բայց Նիկոլ Փաշինյանը կիրառել է մարտավարություն, որը փորձարկվել էր իշխանության համար պայքարում, այն է` ոչ մի քայլ հետ: Պարոն Խաչատուրովին գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացնելուց հետո նա պահանջել է, որ նրա փոխարեն պաշտոնում նշանակվի Երևանի մեկ այլ ներկայացուցիչ: Դա ընդլայնել է հակամարտության մասնակիցների շրջանակը: Բելառուսը հայտարարել է թափուր տեղ զբաղեցնելու իր իրավունքի մասին և ստացել է բոլորի աջակցությունը, բացի Հայաստանից: Զիջել չցանկացող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Հաշվի առնելով մեր անվտանգությունը՝ պետք է հասկանալ, կարող ենք կազմակերպությանը լուրջ ընդունել, թե ոչ»:
Կադրային հարցը լուծել չի ստացվել նույնիսկ դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո: Անկախ նրանից, թե ինչով էլ ավարտվի 2019 թվականին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման պատմությունը՝ Մոսկվայի համար պարոն Փաշինյանը վերջնականապես ստացել է անհարմար գործընկերոջ կերպարը, որից կարելի է ամեն ինչ սպասել:
«Անհանգստացնում է Հայաստանում ձևավորվող մասնավոր իշխանության ռեժիմը, քանի որ, ի տարբերություն Ալեքսանդր Լուկաշենկոյի կամ Նուրսուլթան Նազարբաևի՝ Փաշինյանն անկանխատեսելի է», - ՀՀ վարչապետին այդպես է բնութագրել ռուս մի պաշտոնյա՝ պարբերականի հետ զրույցում:
Բարդ հարաբերությունների ապացույց է դարձել Նիկոլ Փաշինյանի ամենավատ քաղաքական թշնամի Ռոբերտ Քոչարյանին Պուտինի կողմից ուղարկված Ամանորի շնորհավորանքը: Ռուսաստանի ղեկավարը ձերբակալված հայ նախկին նախագահին մաղթել է «առողջություն և ոգու տոկունություն»: