09/01/2019 17:40
Եթե հարկային բեռը չթեթևանա, ռեստորանների գները համատարած կբարձրանան. «Եկեք ավարտենք էքսպերիմենտներն այս ոլորտում»
2019թ. հունվարի 1-ից ռեստորանների համար շրջանառության հարկը բարձրացվեց 2 տոկոսով, ընդհանուր առմամբ հասնելով 8 տոկոսի։ Այս բնագավառի համար հարկային բեռի վերջին ավելացումը եղել էր ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2018թ. հուլիսին, երբ շրջանառության հարկը դարձավ 6 տոկոս։
Ավելին՝ ներկայիս Հարկային օրենսգրքով նախատեսված է, որ մյուս՝ 2020թ. հունվարի 1-ից, այն կդառնա 10 տոկոս։
Ոլորտի տնտեսվարողները պնդում են՝ նման հարկային բեռն այլևս չի կարող չանդրադառնալ ռեստորանների գների վրա ու փորձում են իրենց մտահոգությունները ներկայացնել պատկան գերատեսչություններին։
Հունվարի 8-ին իրավիճակը քննարկելու համար «Հայկական ռեստորանների միության» ներկայացուցիչների հետ հանդիպեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Aysor.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկատվությունը հաստատեց միության համակարգող Աշոտ Բարսեղյանը։ Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը ևս կիսում է իրենց ներկայացրած մտահոգությունները։
«Խնդիրն այն է, որ եկամտի հաշվին այլևս հնարավոր չէ չեզոքացնել ազդեցությունը գնի վրա ու տնտեսվարողները հայտարարել են, որ հարկային նման բեռի պայմաններում ռեստորանների գները համատարած բարձրանալու են», - ասաց Աշոտ Բարսեղյանը։
Նա ընդգծեց՝ 2018թ. հուլիսին շրջանառության հարկը 6 տոկոսի հասցնելն արդեն շոկի էր ենթարկել բնագավառը, իսկ 8 տոկոսի դեպքում պարզապես հնարավոր չի լինի խուսափել ուղղակի ազդեցությունից գների, սպասարկման որակի վրա։
«Մենք ներկայացրել ենք, թե ինչ ազդեցություն սա կարող է ունենալ տնտեսության վրա՝ սկսած աշխատատեղերից, ծառայությունների, ապրանքների որակից, վերջացրած՝ գյուղատնտեսության վրա ազդեցությունից։ Ինչպես տեսանք, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ևս հետևողական եղավ մեր հորդորին և իրենք էլ իրենց հաշվարկներն արեցին», - ասաց Աշոտ Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ ՊԵԿ նախագահի հետ հանդիպման արդյունքներով որոշվեց նոր՝ քառակողմ հանդիպում կազմակերպել ոլորտի պատասխանատու 4 օղակների մասնակցությամբ՝ ՊԵԿ-ի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Ֆինանսների նախարարության, վարչապետի պաշտոնակատարի և իրենց՝ «Հայկական ռեստորանների միության» ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Ֆինանսների նախարարության մոտ կարծիք կար, որ մենք ստանում ենք գերշահույթ։ Սակայն տասնամյակի գնաճը, կոմունալ ծախսերի ավելացումը, աշխատավարձերի ավելացումները ռեստորատորները չեն արտացոլել իրենց գների մեջ։ Այստեղ ստացվում է իրավիճակ, երբ մենք ասում ենք՝ եթե ուզում ենք, որ մեր վաճառքները, սպառումը հանրապետությունում չընկնի, երկրի տուրիստական գրավչությունը չտուժի և մենք լինենք շուկայում մրցունակ, եկեք այսքանով էքսպերիմենտներն ավարտենք այս ոլորտի վրա և հասկանանք, թե ինչ հետևանքներ կլինեն, մի քանի տարի անց վերադառնալով սրան», - ասաց Աշոտ Բարսեղյանը։
Նշենք, որ իրավիճակը քննարկելու համար քառակողմ հանդիպումը նախնական տվյալներով տեղի կունենա այս շաբաթվա վերջին։