09/01/2019 15:26
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը կշարունակվի հունվարի 10-ին (Տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդության քննարկումը. այն կշարունակվի հունվարի 10-ին։
Հիշեցնենք՝ դատարանը քննում էր նախկին նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։
Նշենք, որ այս նույն միջնորդությունը պետք է քննարկվեր նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 28-ին, սակայն գործով քննիչը միջնորդել էր դատարանին հետաձգել պաշտպանների միջնորդության քննարկումը, քանի որ ունի անձնական հարցեր։ Քննիչը նաև նշել էր, որ պատրաստվում է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել։
Այս հարցով քննություն իրականացնող դատավորը, նկատենք, Նելլի Բաղդասարյանն էր։
Հայկ Ալումյանն այսօր հայտարարեց, որ գործով հսկողություն իրականացնող դատախազը դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն է ներկայացրել, որին միացել է նաև ՀՔԾ քննիչը։ Դատավորը այդ հարցով որոշում կայացնելու համար հեռացել է խորհրդակցական սենյակ։
«Եթե դատավորը որոշեց ինքնաբացարկ հայտնել, ապա բնականաբար, վաղվա դատական նիստը տեղի չի ունենա, գործը կփոխանցվի այլ դատավորի։ Եթե դատավորը որոշեց ինքնաբացարկ չհայտնել, ապա վաղը գրավի հարցի քննությունը կշարունակվի», -հայտարարեց Ալումյանը։
Դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության հիմքը, ըստ փաստաբանի, նույն գործով մեկ այլ մեղադրյալի դեպքում նույն դատավորը ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, որ իրենք ընտանիքներով բավական երկար ժամանակ մոտիկ են եղել և որպեսզի կասկած չառաջանա իր անաչառության վերաբերյալ, ինքը ինքնաբացարկ է հայտնել։
«Մեր տեսակետն այն է, որ դրանք իրար հետ ամենևին էլ կապված չեն։ Դատավորի անաչառությունը կլիներ կասկածելի, եթե ենթադրենք, պարոն Քոչարյանի գրավով ազատվելու կամ չազատվելու հարցը ինչ-որ կերպ անդրադառնար նույն գործով մյուս մեղադրյալի կարգավիճակին», -նշեց փաստաբանը։
Նկատենք, որ խոսքը մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ, այս գործը նախկինում քննած քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի մասին է, որին այս գործի շրջանակներում Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով մեղադրանք է առաջադրվել։
Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք անցնում է մարտի 1-ի գործով ու Հատուկ քննչական ծառայությունում քննվող այս քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Բացի նախկին նախագահից, այս մեղադրանքն առաջադրվել է նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որն արդեն երկար ժամանակ է՝ հետախուզվում է: