09/01/2019 16:01
Հարազատները, համաձայն իրենց նահապետական բարքերի, աղջկան նետեցին գնացքի տակ. Սերգեյ Փարաջանովի կյանքի քիչ հայտնի էջերը
Կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովն այսօր կդառնար 95 տարեկան: Թիֆլիսի հայ հնավաճառի ընտանիքում ծնված ռեժիսորի ծնողներն էին Իոսիֆ Փարաջանովն ու Սիրանը: Հայրը մինչհեղափոխական շրջանի Թիֆլիսի ամենահարուստ մարդկանցից էր, ով հնավաճառական խանութից բացի ուներ նաև «Ընտանեկան անկյուն» կոչվող հասարակաց տուն: Հատկանշական է, որ այդ տան համար աղջիկներ էր ընտրում Սերգեյ Փարաջանովի մայրը: Աղջիկներին, մեծամասամբ, բերում էին Ֆրանսիայից:
Հեղափոխությունից հետո իշխանությունները միանշանակ չէին ընդունում հնավաճառի գործունեությունը, այդ իսկ պատճառով դրան հետևեց ձերբակալությունների մի ամբողջ շարք. Իոսիֆ Փարաջանովը տարբեր թվականներին ձերբակալվեց ու ազատ արձակվեց՝ երբեմն՝ օրինակելի վարքի, երբեմն էլ՝ համաներման շնորհիվ:
Ուսանելու տարիներին Սերգեյ Փարաջանովը սիրահարվում է Մոլդովայում ծնված թաթար մի աղջկա՝ Նիգյարին, ում հետ ծանոթացել էր հանրախանութում: Ամիսներ անց նրանք ամուսնանում են, սակայն այդ ամուսնությունը երկար չի տևում: Ավելին՝ ողբերգական ավարտ է ունենում. բանն այն է, որ Նիգյարը նահապետական հայացքներ ունեցող ընտանիքից էր: Աղջկա եղբայրները, իմանալով, որ նա առանց հարազատներին տեղյակ պահելու ամուսնացել է, Փարաջանովից խոշոր գումար են պահանջում: Վերջինս նման չափի գումար չունենալով՝ խնդրում է հորից՝ վերադարձնելու խոստումով: Սակայն Իոսիֆ Փարաջանովը մերժում է որդուն, քանի որ վիրավորված էր նրանից այն բանի համար, որ արհամարհել ու իր մասնագիտական ուղին չի ընտրել: Նիգյարի եղբայրները պահանջեցին հեռանալ ամուսնուց ու վերադառնալ հայրենիք։ Քանի որ աղջիկը հրաժարվեց, հարազատները, համաձայն իրենց նահապետական բարքերի, վերջինիս նետեցին գնացքի տակ: Չհամակերպվելով կնոջ կորստի հետ՝ 1955 թվական֊ին Սերգեյ Փարաջանովը նկարահանում է «Անդրիեշ» ֆիլմն՝ ի հիշատակ Նիգյարի:
1950-ական թվականների կեսերին Փարաջանովն ամուսնանում է Սվետլանա Շչերբատյուկի հետ: Նրանք ունեցան մեկ որդի՝ Սուրենը: Սակայն այս ամուսնությունն էլ երկար չտևեց. չդիմանալով ամուսնու խենթություններին՝ 1961 թվականին Սվետլանա Շչերբատյուկը որդու հետ հեռացավ տանից:
1989 թվականի մայիս ամսին Թբիլիսիում մահացավ Փարաջանովի քույրը՝ Աննան: Ի դեպ, ռեժիսորի գործընկերներից մեկը պատմել է, որ Փարաջանովն Աննային այդպես էլ չներեց այն, որ վերջինս հակառակվելով ծնողներին՝ ամուսնացել էր վարսահարդարի հետ։ Նույնիսկ փեսայի թաղմանը նա հանգուցյալին գրիմավորել է կայսր Ֆերդինանդի նման, ոլորել բեղերը, այտերը կարմրացրել, մի ձեռքում վառվող մոմ դրել, մյուսում՝ նուռ։ Քրոջն էլ հագցրել է գորգից կարած ծաղիկներով շոր, գլխին բարձ դրել և այդ տեսքով նստեցրել դագաղի մոտ։ Հյուրերը սարսափած էին և չմոտեցան ուտելիքին:
Քրոջ մահից 4-5 ամիս անց բժիշկները կինոռեժիսորի մոտ թոքի քաղցկեղ ախտորոշեցին: Թեև Մոսկվայում վիրահատության միջոցով հեռացրին թոքը, սակայն առողջական վիճակը չբարելավվեց։
Նույն՝ 1989 թվականին Փարաջանովը ձեռնարկեց ինքնակենսագրական՝ «Խոստովանանք» ֆիլմի նկարահանումը, սակայն այն ավարտին չհասցնել չհաջողվեց:
1990 թվականին, Երևան վերադառնալուց 3 օր անց՝ մահացավ: Հուլիսի 25-ին նրան հուղարկավորեցին Երևանի Պանթեոնում: