10/01/2019 17:21
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Էդմոն Մարուքյանը, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կլինի կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նա նշեց, որ խմբակցությունը մանդատները ստանալուց անմիջապես հետո նիստ է հրավիրել, որտեղ էլ որոշվել է խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հարցը։
«Նիստի ընթացքում ընդունվել է խմբակցության Կանոնադրությունը, որը հռչակում է խմբակցության աշխատանքի ընդհանուր սկզբունքները, պատգամավորի, պատգամավորի օգնականների և փորձագետների իրավունքներն ու պարտականությունները։ Խմբակցությունը միաձայն որոշում է ընդունել որպես խմբակցության ղեկավար ընտրել Էդմոն Մարուքյանին և խմբակցության քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանին», - նշեց Անի Սամսոնյանը։
Նա տեղեկացրեց, որ ստորագրվել է նաև Մանե Թանդիլյանին որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու որոշման արձանագրությունը։