10/01/2019 14:30
Էդմոն Մարուքյանը տրամաբանական չի համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի մասին (Տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը տրամաբանական չի համարում ԱԺ փոխնախագահի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ ընդդիմությունից ԱԺ փոխնախագահ պետք է ընտրվի այն կուսակցությունից, որն ընտրություններին ավելի շատ ձայն է հավաքել։
«Տրամաբանական չէ, ու Սահմանադրությունն ասում է, որ պետք է ընտրվի, հետևաբար, խորհրդարանում պետք է ընտրվի, և ոչ թե ՀՀԿ-ի ժամանակ պահպանված տրադիցիաները մենք շարունակենք», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա ասաց, թե Փաշինյանի հայտարարությունն ակնկալել է որպես ակնարկ, որ ընտրելու են ԲՀԿ-ի՝ ԱԺ փոխնախագահի թեկնածուի օգտին։
Էդմոն Մարուքյանը շեշտեց՝ ընդդիմադիր փոխխոսնակի իրենց թեկնածուն ավելի լավն է։
Նա նշեց, որ ենթադրվում է՝ ինքն է ղեկավարելու խմբակցությունը, իսկ քարտուղարի հարցը դեռևս քննարկում են։
Հարցին՝ շարունակվո՞ւմ են Գագիկ Ծառուկյանի հետ հակասությունները, նա պատասխանեց. «Մենք հակասություններ չունենք ոչ մեկի հետ, իսկ ուղերձները հղված են ոչ միայն իրեն, այլ նաև ՀՀ քաղաքացիներին, բոլոր տեսակի մեր հասցեին հնչած ապատաեղեկատվությանը, հակաքարոզչությանը, ու մենք, կարծում եմ, բոլոր հարցերին պատասխանել ենք», - ասաց Է. Մարուքյանը։
Նա շեշտեց, որ ԱԺ-ում իրենք ընդդիմություն են լինելու միայն իշխանությանը։
Էդմոն Մարուքյանն ասաց նաև, որ համագործակցության եզրեր ՀՀ բոլոր քաղաքական ուժերի հետ տեսնում են՝ հանուն երկրի։