10/01/2019 14:17
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատավորը ինքնաբացարկ է հայտնել
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ է հայտնել, այդ մասին քիչ առաջ դատարանի դահլիճից դուրս գալով՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
«Դատավորը որոշեց բավարարել քննիչի և դատախազի միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտնելու մասին: Որոշման հիմքերը հայտնի չեն», - ասաց Օրբելյանը:
Փաստաբանի կարծիքով, դատավորի նման որոշումը ցույց է տալիս, որ ինքը խուսափում է արդարադատություն իրականացնել:
«Մենք ակնհայտորեն տեսնում ենք արդարադատություն իրականացնելուց խուսափելու դեպք, երբ դատարանը ստանում է միջնորդություն, դա վարույթ է ընդունում, որից հետո քննում է, քննությունը դնում է ամսի 28-ին, վերջին աշխատանքային օրը, երբ ինքնաբացարկ հայտնելու պատրվակով հետաձգում է նիստը, հունվարի 9-ին քննիչն ու դատախազը հայտնում են ինքնաբացարկ դատավորին, որի ժամանակ որևէ նոր հանգամանք չեն նշում, ինչը հայտնված չէր դեկտեմբերի 28-ի նիստում», - ներկայացրեց փաստաբան Օրբելյանը:
Այս որոշումից հետո գործը կմակագրվի մեկ այլ դատավորի, և Օրբելյանը հույս հայտնեց, որ դատարանը դա կանի սեղմ ժամկետներում:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության հիմքը այն էր, որ նույն գործով մեկ այլ մեղադրյալի դեպքում նույն դատավորը ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, որ իրենք ընտանիքներով բավական երկար ժամանակ մոտիկ են եղել և որպեսզի կասկած չառաջանա իր անաչառության վերաբերյալ, ինքը ինքնաբացարկ է հայտնել։
Նկատենք, որ խոսքը Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ, այս գործը նախկինում քննած քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի մասին է, որին այս գործի շրջանակներում Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով մեղադրանք է առաջադրվել։