10/01/2019 12:41
Կարծում եմ, որ կոնսենսուսային առաջարկի կգանք. ՊԵԿ նախագահը՝ ռեստորանների հարկային բեռի ավելացման մասին
Ռեստորանների հարկման հարցով կառավարությունն ու բիզնեսը պետք է նստեն ու որոշեն՝ ո՞ր չափով է հնարավոր հարկային բեռը որոշակի բարձրացնել կամ չբարձրացնելու պարագայում, անել այնպես, որ կարևոր այս ոլորտի համար ռիսկեր չստեղծվեն, այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն, ով ռեստորանների համար շրջանառության հարկն այս տարվա հունվարից 8 տոկոս դարձնելու հարցով օրերս հանդիպել էր ոլորտի տնտեսվարողների հետ։
«Մենք հանդիպել ենք և ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունները ես ներկայացրել եմ վարչապետին։ Որոշվել է, որ հանդիպում է լինելու նաև վարչապետի մոտ», - ասաց Դավիթ Անանյանն՝ ավելացնելով՝ «կարծում եմ, որ մենք որևէ կոնսենսուսային առաջարկի կգանք»։
Անդրադառնալով հարցին, թե հարկային բեռի ավելացումն, ի վերջո, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տնտեսվարողների վրա, ՊԵԿ նախագահը պատասխանեց.
«Ոլորտում կան բարեխիղճ հարկ վճարողներ և ոչ այնքան բարեխիղճ հարկ վճարողներ։ Բարեխիղճ հարկ վճարողների մոտ գրեթե ստվեր չկա կամ ստվերը վերահսկելի է և բարեխիղճ հարկ վճարողների մոտ հարկային բեռը մի քանի անգամ ավելացել է, համեմատած նախկինում գործող արտոնագրային վճարի կամ արտոնագրային հարկի մեխանիզմի հետ։ Այն ժամանակ հարկային պարտավորությունը զրոյից մի փոքր տարբերվող էր, հիմա՝ 2018թ. հուլիսից 2019թ. հունվար ընկած ժամանակահատվածում, գործող 6 և 3 տոկոսների ժամանակ էֆեկտիվ տոկոսադրույքը եղել է 4,5-4,7 տոկոս։ Այսինքն, շրջանառության 4,5-ից 4,7 տոկոսը հանրային սննդի կազմակերպությունները վճարել են բյուջե։ 2017թ., երբ ուսումնասիրում էինք ոլորտն ու համակարգի անցում պետք է կատարեինք, ոլորտի ներկայացուցիչները մեզ վստահեցնում էին, որ ոլորտը 4-5 տոկոս հարկ վճարելու պայմաններում հնարավորություն ունի գները զսպելու, թողնելու նույնը։ Հիմա պետք է կառավարությունն ու բիզնեսը նստեն և իրար հետ որոշեն՝ ո՞ր բեռն է, որ այսօր տուրիզմին, գյուղատնտեսությանը նպաստող այս շատ կարևոր ճյուղի համար որևէ ռիսկեր չի ստեղծի», - ասաց Դավիթ Անանյանը։
Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում «Հայկական ռեստորանների միության» համակարգող Աշտո Բարսեղյանը նշել էր, որ 8 տոկոս հարկային բեռի դեպքում եկամտի հաշվին այլևս հնարավոր չի լինի չեզոքացնել դրա ազդեցությունը գնի վրա ու հարկային նման բեռի պայմաններում ռեստորանների գները համատարած բարձրանալու են։