10/01/2019 14:12
ԱԱԾ-ն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
«Իմ քայլը» խմբակցությունը չի կարող ըննդիմություն լինել կառավարությանը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նորընտիր պատգամավոր Արարատ Միրզոյանը։
«Սա նոնսենս է, քաղաքագիտական, իրավաբանական նոնսենս է», - ասաց նա։
Արարատ Միրզոյանն ասաց, թե կառավարության կառուցվածքի մասին օրենքը դեռ քննարկման փուլում է։
Դիտարկմանը, թե նախկին իշխանության օրոք, երբ առաջարկվում էր, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ենթարկվեն վարչապետին, ինքը դեմ էր, հիմա կառաջարկի՞ փոփոխություն անել, Ա. Միրզոյանը պատասխանեց. «Այդ նախագիծը դեռ քննարկվում է»։
Հարցին՝ կառաջարկի՞, գոնե, այդ կառույցները ենթարկվեն կառավարությանը, ոչ թե անձամբ վարչապետին, Արարատ Միրզոյանն ասաց, որ նաև այդ հարցն է քննարկվում։
«Իմ անձնական դիրքորոշումն արդեն դրսևորվել է իմ ներկայացրած առաջարկներով, անկեղծ ասած, ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն, այնուամենայնիվ, պիտի շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասը դեռ կարելի է քննարկել», - ասաց նորընտիր պատգամավորը։
Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահներին, նա ասաց, որ, բնականաբար, քվեարկելու են իրենց թեկնածուների օգտին։
«Եթե նկատի ունեք ընդդիմադիր թեկնածուին՝ մենք իրավունք չունենք խախտել ժողովրդի քվեարկությամբ որոշված համամասնությունը ու խառնվել ընդնդիմության գործերի մեջ ու մեր քվեարկությամբ որոշել որևէ սիրելի ընդդիմություն», - ասաց նա։
Արարատ Միրզոյանն ընդգծեց՝ կքվեարկեն նրան, ով ամենախոշոր ֆրակցիայի ներկայացուցիչն է։
Արարատ Միրզոյանը հավելեց, որ ունեն ԱԺ աշխատակազմի ղեկավարի մի քանի թեկնածու, բայց այս պահին անուններ չի հնչեցնի։