10/01/2019 13:13
Սիգի որսի հետ կապված հարյուր տոկոսանոց բարձիթողի վիճակ է. Նիկոլ Փաշինյան
Սևանում սիգի որսի հետ կապված հարյուր տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այդ հարցը մի քանի անգամ քննարկել են և պետք է մտածեն պրոբլեմի երկարաժամկետ լուծման մասին և այդ մեթոդը համաձայնության և կազմակերպական որոշակի լուծումներին հասնելն է Սևանում։
«Այն զեկուցագիրը, որը ես ստացել եմ, խոսում է մի շարք գերատեսչությունների թերացման մասին, այդ թվում, Ազգային պարկի, բնապահպանության նախարարության և ոստիկանության», - ասաց նա:
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը արձագանքեց, որ ահազանգեր ունեն և կան բազմաթիվ գործեր, քրեական գործեր և կոչ արեց քաղաքացիներին ահազանգեր ներկայացնել:
«Ես ձեր կոչին հետևելով՝ ահազանգում եմ, որ Գեղարքունիքի մարզպետի, ոստիկանապետի հետ հանդիպեք, այդ թեման քննակեք և կոնկրետ լուծումներ առաջարկեք ոչ միայն այսօրվա, այլ նաև երկարաժամկետ, քանի որ հասկացա, որ սիգի վերարտադրման համար կարևոր փուլ է և, ոնց որ թե, մենք այդտեղ առնվազն շատ բան չենք անում», - ասաց վարչապետը: