11/01/2019 15:00
Սիրիայում պատերազմի փուլն ավարտվելու մասին դեռ վաղ է խոսել. Ռուբեն Սաֆրաստյան
Դեռ վաղ է խոսել այն մասին, որ Սիրիայում ռազմական գործողությունների փուլն ավարտված է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
«Բավական հիմնավոր կասկածներ ունեմ, որ դա այդպես է, քանի որ թուրքական զինուժը սահմանին պատրաստ սպասում է հրամանին, որ հերթական, արդեն երրորդ անգամ մտնի Սիրիայի հյուսիսային շրջանները», - ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Իսկ Թուրքիայի ղեկավարները, թուրքագետի խոսքով, հայտարարում են, որ վաղ թե ուշ այդ հրամանը կտրվի։
«Շատ բարդ է կանխատեսել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն։ Տեղի է ունենում մի մեծ բանակցային գործընթաց կամ առևտուր Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև։ Առևտուր անելու և պահանջներ ներկայացնելու այս դիվանագիտությունը հատուկ է թուրքական դիվանագիտությանը։ Կարծում եմ, որ վերջիվերջո Թուրքիան որոշակի զիջումների կգնա Միացյալ Նահանգներին, իսկ սա նշանակում է, որ սիրիական ճգնաժամը կարող է զարգացումներ ապրել այն ուղղությամբ, որ Թուրքիայի դերն այս փուլում կթուլանա», - հայտարարեց Ռուբեն Սաֆրաստյանը։