11/01/2019 19:06
Փոքր լճացումից հետո թատրոնում կյանքը եռում է. Ռուսական թատրոնի նորանշանակ տնօրեն Յուրի Իգիթխանյանը Ֆրեդ Դավթյանի հետ որևէ կոնֆլիկտ չի ունեցել
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հունվարի 9-ից նոր տնօրեն ունի: 20 տարվա կառավարումից հետո Ֆրեդ Դավթյանը, ՀՀ Մշակույթի նախարարության որոշմամբ, տնօրենի աթոռը զիջել է նույն թատրոնի դերասան, վերջին շրջանում՝ նաև թատրոնի PR մենեջեր Յուրի Իգիթխանյանին: Վերջինս այս պաշտոնում նշանակվել է 6 ամիս ժամկետով, այնուհետև օրենքի սահմաններում կհայտարարվի մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար:
Aysor.am-ին չհաջողվեց կապ հաստատել Ֆրեդ Դավթյանի հետ, սակայն նորանշանակ տնօրենի հետ զրուցել՝ հաջողվեց: Անդրադարձել ենք ոչ միայն թատրոնի կառավարման նոր մեթոդին, այլև՝ առկա խնդիրներին ու վերջին ամիսների փոփոխություններից հետո՝ մթնոլորտին:
- Պարոն Իգիթխանյան, երկու օր առաջ Մշակույթի նախարարության կողմից նշանակվեցիք Ռուսական թատրոնի տնօրեն: Այս պաշտոնը երկար տարիներ ասոցացվում էր միայն Ֆրեդ Դավթյանի հետ: Սպասելի՞ էր Ձեզ համար նման շրջադարձը:
- Երբ թատրոնում փոփոխություններ տեղի ունեցան (նկատի ունի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի նշանակումը՝ հեղ), ես և Ֆրեդ Դավթյանը զրույց ունեցանք ու եկանք ընդհանուր եզրակացության՝ թատրոնին նոր շունչ, նոր ոգի է պետք, ու ես թատրոն վերադարձա ադմինիստրատիվ աշխատանքների համար: Բայց կյանքում, մեր երկրում անսպասելի շատ բաներ են լինում (ժպտում է՝ հեղ.): Իհարկե, մեր թատրոնի խորհրդանիշները Ալեքսանդր Գրիգորյանն ու Ֆրեդ Դավթյանն էին, բայց բնական է, որ սերնդափոխություն է լինում, նոր մարդիկ են գալիս: Կյանքի ռիթմն է այդպես… Խոստովանեմ՝ ինձ համար տնօրենի պաշտոնում նշանակվելը, դեպքերի նման սրընթաց զարգացումն անակնկալ էր: Մտորումներից հետո հասկացա, որ պետք է համաձայնվել այդ նշանակման հետ՝ ստանձնել շատ պատասխանատու այս ծառայությունն ու փորձել ամեն ինչ անել՝ ի նպաստ թատրոնի:
- Արդեն երկու օր է՝ ես փորձում եմ կապ հաստատել Ֆրեդ Դավթյանի հետ՝ իմանալու՝ շարունակելո՞ւ է որպես դերասան մնալ թատրոնում, թե՞ ճիշտ են այն խոսակցությունները, որ նա, հավանաբար, կհեռանա Ռուսական թատրոնից: Գուցե այդ հարցին Դո՞ւք պատասխանեք, ինչպե՞ս ընդունեց Ֆրեդ Դավթյանն իր պաշտոնանկությունը:
- Ես միայն մեկ բան կասեմ՝ մենք լավ ընկերներ էինք, ընկերներ ենք ու ընկերներ էլ կմնանք: Մեր միջև որևէ խնդիր չի առաջացել: Իսկ եթե իր մեջ որևէ վիրավորվածություն կա, ապա դա միայն ինքը պետք է պատասխանի, ես որևէ բան ասել չեմ կարող Ֆրեդ Դավթյանի փոխարեն:
- Դուք թատրոնից բացակայել եք շուրջ 5 տարի, վերադարձաք երկու ամիս առաջ՝ նոյեմբերին, ու ինչպես նշեցիք՝ ոչ թե դերասանի, այլ՝ PR մենեջերի կարգավիճակով: Ի վերջո, դա Ձե՞ր նախաձեռնությունն էր, թե՞ նախորդ տնօրենի հրավերը:
- Դա երկխոսության արդյունք էր, և՛ ես ցանկացա վերադառնալ, և՛ նա դեմ չէր: Այսպես ասած՝ երկուսս էլ գիտակցում էինք, որ թատրոնին պետք էր «ագրեսիվ» գովազդային մոտեցում: Իհարկե, թատրոնի հաջողության հիմքում դերասաններն ու ռեժիսորներն են, բայց ուզենք, թե ոչ՝ այսօր գործի զգալի տոկոսը նաև գովազդն է անում: PR մենեջմենթն էլ ունի «on line» և «off line» տարբերակ, ու մենք սկսեցինք ներսից՝ գովազդային, բաներային քաղաքականություն, թատրոնի գործունեության մասին սոցկայքերում տեղեկություն և այլն: Շուտով նաև հեռուստագովազդներ կլինեն…
- Դուք միակ աշխատակիցը չէիք, ով 2013 թվականին Ռուսական թատրոնից հեռացավ: Ոմանք ղեկավարության հետ որոշ տարաձայնությունների պատճառով գնացին, Ձեր դեպքո՞ւմ էլ նման կոնֆլիկտ կար:
- Կոնկրետ ես թատրոնից կոնֆլիկտով չեմ հեռացել: Դա իմ որոշումն է եղել, խոսել եմ Ալեքսանդր Գրիգորյանի հետ ու գնացել: Բայց մենք տարաձայնություն չենք ունեցել: Պարզապես չէի կարող համատեղել թատրոնի աշխատանքն ու այն աշխատանքը, որն ինձ պետք էր ընտանիքիս բարեկեցիկ կյանք ապահովելու համար: Միայն այդ հարցում ընդհանուր հայտարարի չենք եկել, ու ես դիմում գրեցի և թատրոնից դուրս եկա: Անգամ դուրս գալուց հետո մոտ երկու ամիս եկել եմ ու խաղացել ներկայացումներում, մինչև այդ դերերում նոր դերասաններ կընդգրկվեին: Երբ նախորդ տարեվերջին վերադարձա, գործընկերներս ուղղակի զարմացան, թե ինչո՞ւ բեմի փոխարեն ընտրեցի կուլիսը:
- Ձեզ այլևս բեմում չե՞նք տեսնի:
- Այս պահին՝ ոչ: Կարծում եմ՝ տարօրինակ կլիներ չէ՞, որ ասեի՝ մեկ շաբաթից բեմ եմ բարձրանալու: Թատրոնի տնօրենի աշխատանքը բավական ծանրաբեռնված է, անընդհատ ժամանակի խնդիր ունես: Այս երկու օրվա մեջ ես արդեն հասկացել եմ, որ հագեցած աշխատանքային օրակարգ եմ ունենալու: Այ, երբ լուծված կլինեն թատրոնի բոլոր խնդիրները, ինչո՞ւ ոչ, գուցե նոր ներկայացումո՞վ բեմ բարձրանամ:
- Թատրոնում չաշխատելու ընթացքում դուք հանդես էիք գալիս որպես շոումեն, հանդիսավար: Կշարունակե՞ք համատեղել տնօրենի և հանդիսավարի աշխատանքը:
- Հստակ պատասխան տալ չեմ կարող: Պետք է հաշվի առնել թե՛ իրավական կողմը (թույլատրվում է, թե՞ ոչ՝ հեղ), թե՞ առաջարկ-պահանջարկը…
- Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեցիք 2 օր առաջ: 6 ամիս հետո մրցույթ է հայտարարվելու այդ պաշտոնի համար, պատրաստվո՞ւմ եք մասնակցել այդ մրցույթին:
- Եթե հիմա իմ համաձայնությունը տվել եմ, բնականաբար, մտածում եմ նաև 6 ամիս անց քննություն տալու մասին:
- Ռուսական թատրոնն այսօր նոր ղեկավար կազմ ունի՝ նոր տնօրեն, նոր գեղարվեստական ղեկավար: Արդյոք թատրոնը նոր հուն կընտրի, թե՞ ամեն ինչ կպահպանվի նախկին ձևով:
- Բնականաբար, հին հունով շարունակվել չի կարող: Երբ փոխվում են հատկապես տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, ապա թատրոնի շնչառությունը, ռիթմը, գեղարվեստական ուղղվածությունը ևս փոխվում են: Ինքս ավելի հակված եմ ժամանակակից, 21-րդ դարին համահունչ կառավարման մոդելին: Խոսքս վերաբերվում է թատրոնի գովազդային, արտաքին տեսքին, վերանորոգման հարցերին: Իրականում, այդ առումով մեծ խնդիրներ ունենք, ու դա պետք է արվի արագ ու ժամանակակից լուծումներով: Էսթետիկական, գեղարվեստական կողմի մասին էլ Կարեն Ներսիսյանը հոգ կտանի:
- Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո այս թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար պայքարողները քիչ չէին, սակայն արդյունքում Ֆրեդ Դավթյանը նախընտրեց ռուսաստանաբնակ Կարեն Ներսիսյանին: Հնարավո՞ր է՝ որպես նոր տնօրեն՝ ձեր թատրոնի համար նոր գեղարվեստական ղեկավար ընտրեք, թե՞ գոհ եք Կ. Ներսիսյանի ստեղծագործական քաղաքականությունից:
- Միանշանակ, չեմ պատրաստվում փոխել գեղարվեստական ղեկավարին: Նա ռեժիսորական շատ հետաքրքիր մտածելակերպով անձնավորություն է: Հիմա ակտիվ աշխատանքներ են տարվում Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման վրա, որի պրեմիերան տեղի կունենա, հավանաբար, գարնանը: Բեմադրողն էլ Կարեն Ներսիսյանն է: Նաև դերասանների հետ անցկացվում են ռուսերեն բեմական խոսքի, բեմական շարժման թրեյնինգներ: Մի փոքր լճացման շրջանից հետո թատրոնում կյանքը եռում է: Ամեն ինչ լավ է ու էլ ավելի լավ է լինելու մեր թատրոնում:
- 2013-ից առ այսօր թատրոնից հեռացած աշխատակիցներից վերադարձել եք Դուք և ՀՀ Վաստակավոր արտիստուհի Իրինա Հարությունյանը: Կա՞ն աշխատակիցներ, ովքեր ևս վերադարձի ցանկություն են հայտնել: Նաև, ոչ միշտ է, որ աշխատողներն ընդունում են իրենց նոր ղեկավարին, թատրոնից դուրս գալու դիմում գրողներ եղե՞լ են այս օրերի ընթացքում:
- Դեռևս աշխատասեղանիս չի հայտնվել ո՛չ վերադարձի, ո՛չ էլ, փառք Աստծո, դուրս գալու դիմում (ժպտում է՝ հեղ.)… Մեր սիրելի հանդիսատեսին կցանկանայի փոխանցել, որ մեզ մոտ ամեն ինչ ներդաշնակ է ու խաղաղ, լավ է, ու էլ ավելի լավ է լինելու: Այսքան տարի մեր կողքին եք եղել, շարունակեք մնալ: Անակնկալների, հետաքրքիր ու վառ ներկայացումների պակաս չի լինելու: