12/01/2019 10:27
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից անցել է 4 տարի
Ավետիսյանների սպանությունից 4 տարի է անցել. 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն և հրազենից սպանել ընտանիքի անդամներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին, փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին, իսկ 7 օր անց հիվանդանոցում մահացավ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը։
Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը
Դեպքի առթիվ Վ. Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 5, 8 կետերի հատկանիշներով՝ երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է առանձնակի դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3 և 4 կետերով՝ ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ և 34-329 հոդվածի 1-ն մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձը:
Դատավճռի համաձայն՝ Պերմյակովը մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող բոլոր արարքներում և սպանության հոդվածի համար դատապարտվել ցմահ ազատազրկման, ավազակության հոդվածի համար՝ 10, սահմանն ապօրինի հատելու փորձի համար՝ 2 տարվա ազատազրկման:
Պերմյակովի պատժին գումարվել է նաև Ռուսաստանի զինվորական դատարանի կողմից նրա նկատմամբ արդեն իսկ նշանակված 10 տարի ազատազրկման ժամկետը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի օգոստոսի 23-ի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Վ. Պերմյակովի փոխանցումը Ռուսաստանի Դաշնություն իրականացվել է 2017 թվականի մայիսի 18-ին։