12/01/2019 13:13
Պահանջում ենք 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների բնակության վայրերում հսկում իրականացնել. Լևոն Բարսեղյան
Գյումրիում այս պահին պիկետ է իրականացվում՝ ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի և դեկտեմբերի 2-ին մահացու ծեծված Ջուլիետա Ղուկասյանի:
Պիկետը գլխավորող Գյումրիի ավագանու «Գալլա» կուսակցության անդամ Լևոն Բարսեղյանն ասաց, որ իրենք պահանջագրեր էր ներկայացնում ՀՀ և ՌԴ իշխանություններին: Մասնավորապես, ՀՀ կողմին ուղղված պահանջագրով կոչ է արվում ջանքեր գործադրել Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով մեղադրյալին ՀՀ-ին փոխանցելու համար, ինչը պահանջվում է նաև ՌԴ կողմից:
«ՀՀ իշխանություններց պահանջվում է նաև հատուկ հսողության տակ առնել 102-րդ ռազմաբազի զորանոցներն ու ռազմակայանները, իսկ դրանք առնվազն հինգն են: Հատուկ հսկողություն նշանակում է արգելապատնեշների, փշալարերի միջոցով հատուկ պաշտպանական միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի դրսից նույնպես արգելափակվի զորամասի ելումուտը ոչ սահմանված տեղերից», - ասաց նա:
Բարսեղյանն ընդգծեց, որ զորամասերի շրջագծով առաջարկվում է նաև տեսախցիկներ տեղադրել: Նա նաև առաջարկեց 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների ազատ բնակեցման տարածքներում ռազմական ոստիկանության կողմից հսկողություն սահմանել.
«Նրանք հիմնականում բնակվում են Գյումրու զինվորական թազմասում, այնտեղ բնակությունը խառն է, նաև այլ բնակիչներ են ապրում: Մենք պահանջում ենք, որ այնտեղ ՀՀ ռազմական ոստիկանության կողմից հսկում իրականացվի», - ասաց նա:
Ինչ վերաբերում է ռուսական կողմին առաջադրված պահանջներին, Բարսեղյանն ասաց, որ ռուսական կողմը պարտավոր է ստուգումներ անցկացնել ռազմաբազայում՝ հասկանալու, թե ինչ բարոյահոգեբանական վիճակ է տիրում այնտեղ, ինչպիսին է սննդի վիճակը և առհասարակ ինչ խնդիրներ կան, որոնք ըստ նրա, պարբերաբար դժգոհությունների առաջացման պատճառ են դառնում, որի հետևանքով էլ հանցագործություններ են տեղի ունենում:
«1999 թ-ից մեր հաշվարկներով ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից 12 հոգի սպանվել է», - հավելեց նա:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է Ավետիսյանների սպանության 4 տարին: