12/01/2019 10:17
«Դավիթ Սանասարյանը հանրությանը մատուցել է ստահոդ տեղեկատվության հերթական չափաբաժինը»․ ԵՊՀ-ն հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին
Երևանի պետական համալսարանը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի բարձրացված հարցերին։
Օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելու փոխարեն՝ ծառայության ղեկավարն արդեն տևական ժամանակ զբաղված է Երևանի պետական համալսարանի բարի համբավն արատավորող մտացածին և չճշտված տեղեկությունների տարածմամբ: Նպատակը պարզ է, ընտրված մեթոդները՝ նույնպես: Փորձ է արվում համալսարանին ներքաշել անբովանդակ ու անօգուտ հրապարակային քննարկման մեջ և մանիպուլյատիվ մեթոդների կիրառմամբ հասարակության որոշակի շրջանակների փոխանցել Մայր բուհի և նրա ղեկավարության վերաբերյալ բացասական ազդակներ՝ զուգահեռաբար ստեղծելով ստուգման գործընթացի անաչառ և ձեռնահաս իրականացման պատրանք:
Նման իրավիճակում հայտարարում ենք, որ վերջին անգամ ենք այս ձևաչափով հրապարակային արձագանքում ծառայության կողմից համալսարանի և նրա ղեկավարության գործունեությանը տրվող գնահատականներին ու հնչեցվող մեղադրանքներին, և հետայսու նման դեպքերին իրավական գնահատական տալու հարցով դիմելու ենք իրավապահ մարմիններին և իրավունքի դատական պաշտպանությանը: Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, որտեղ իրավունքները և ազատությունները պաշտպանված են օրենքով, իսկ սուտ մատնությունը, բռնություն գործադրելու հրապարակային սպառնալիք տալը քրեորեն հետապնդելի արարքներ են:
Որոշակի թյուրընկալումներից խուսափելու նպատակով ներկայացնում ենք մանրամասն պարզաբանում ծառայության պետի ասուլիսում հնչեցրած որոշ տեղեկությունների և գնահատականների վերաբերյալ՝ ընդգծելու համար դրանց բացարձակ անհամապատասխանությունն իրականությանը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու փաստերի առթիվ հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին»,-ասված է ԵՊՀ հայտարարությունում։
ԵՊՀ պարզաբանումներին կարող եք ծանոթանալ այստեղ: