14/01/2019 12:50
Արարատ Միրզոյանը չի հստակեցնում՝ ինչ է լինելու ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման դեպքի համար ստեղծված քննիչ հանձնաժողովի ճակատագիրը
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև գաղտնալսված զրույցի դեպքի ուսումնասիրման համար ստեղծված Քննիչ հանձնաժողովի ճակատագիրը դեռ հայտնի չէ: Այսօր ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է լինելու 6-րդ գումարման խորհրդարանում ստեղծված Քննիչ հանձնաժողովի հետ, արդյոք դա շարունակելու է աշխատել:
«Երկար անվանումը չասեմ, այդ հանձնաժողովի մասով, այնուամենայնիվ, վերապահումներ, դիտարկումներ կան ու պետք է նորից ծանրութեթև անենք, գուցե նաև արժե վերստեղծել» - պատգամավորին արձագանքեց թեկնածուն:
Միրզոյանը նաև ասաց, որ առաջիկայում հնարավոր է նոր քննիչ հանձնաժողովներ ստեղծվեն:
Հիշեցնենք՝ 6-րդ գումարման խորհրդարանում ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև մարտի 1-ի քրեական գործի վերաբերյալ գաղտնալսված զրույցից հետո Հանրապետական խմբակցությունը նախաձեռնեց ու ստեղծեց քննիչ հանձնաժողով՝ քննելու գաղտնալսման հանգամանքները: Հանձնաժողովը ղեկավարում էր ՀՀԿ խմբակցության անդամ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և արդեն հասցրել էր մի քանի նիստ գումարել, սակայն վերջնական եզրակացություն չէր արել: