14/01/2019 16:04
Քոչարյանի խափանման միջոցը քննող նոր դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը կապված է մեր ընտանիքների ընկերական հարաբերություններով. Արամ Օրբելյան
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը նրա խափանման միջոցի փոփոխությունը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։
Լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ նման միջնորդության պատճառն իր ու դատավորի ընտանիքի միջև եղած ընկերական, բարեկամական հարաբերություններն են.
«Նախագահող դատավորի որդու հետ ես բավականին երկար ընկերական շփում եմ ունեցել, համատեղ տարբեր միջոցառումների ենք մասնակցել, համադասարանցիներ ենք եղել, միասին դաշնամուրի ենք գնացել։ Բացի դրանից, նախագահող դատավորը շատ ջերմ հարաբերություններ ունի իմ կնոջ քեռու հետ։ Նախագահող դատավորի խնամիները մեր ընտանիքի հարազատներն են։ Ուղղակի Կապանը փոքր քաղաք է ու նման հարաբերությունների դեպքում կա անաչառության որոշակի արտաքին էլեմենտ», - ասաց Արամ Օրբելյանն՝ ավելացնելով.
«Եթե գրավը կիրառվեր, եթե կալանքը չերկարացվեր, դա քննարկման առիթ էր դառնալու և Քննչական ծառայությունը ևս մեկ անգամ կասեր, որ դա ապօրինի որոշում էր, դրա համար ներկայացվել են այդ փաստերն ու դատարանին խնդրել ենք հայտնել ինքնաբացարկ»։
Ըստ փաստաբանի՝ նախորդ դատավորի՝ Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկի միջնորդությունը շատ ավելի հեռու կապերի շրջանակներում էր, քան Արթուր Մկրտչյանի դեպքում էր։
Նշենք, որ դատախազությունն առարկել է այս միջնորդությանը՝ նշելով, որ ամեն դեպքում փաստաբան Արամ Օրբելյանն ու դատավորն ընկերներ չեն։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու գործով դատավոր Նելլի Բաղդասարյանը բավարարել է ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, որը ներկայացվել էր դատախազների և քննիչի կողմից: Որոշման հիմքում դատարանը դրել է այն, որ Ռոբերտ Քոչարյանին և «Մարտի 1»֊ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել միևնույն գործի շրջանակներում և քանի որ դատավոր Բաղդասարյանը նախկինում Վահագն Հարությունյանի գործով ինքնաբացարկ է հայտնել, ապա պետք է ինքնաբացարկ հայտնի նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասով: