14/01/2019 12:33
Արարատ Միրզոյանը խոստանում է ակտիվացնել նոր Ազգային ժողովը, որ այն չստորադասվի կառավարությանը (Տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը տրամաբանական է համարում այն, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի օրենսդրական օրակարգում կենտրոնական տեղ է զբաղեցնելու նոր ձևավորվելիք կառավարության ծրագիրը: Միրզոյանն այդ կարծիքին է, քանի որ, ինչպես իր ելույթում ասաց, ստացել է 70 տոկոսից ավելի հանրային վստահություն:
«Ես անելու եմ ուժերիս ներածը կառավարության ծրագրի ու դրա իրականացման շուրջ խորհրդարանական առավելագույն և ամենալայն հնարավոր կոնսոլիդացիան ձևավորելու համար, քանի որ հավատում եմ, որ մեր ժողովրդի յուրաքանչյուր պատվիրակ ձգտելու է աշխատանք գործադրել մեր երազած Հայաստանի կերտմանը», - իր ելույթում հայտարարեց ԱԺ նախագահի թեկնածուն:
Նա ասաց, թե խորհրդարանը պետք է լինի նախաձեռնող և հրաժարվի «տարիներ շարունակ արձագանքողի ստանձնած իր դերից»: Նրա ներկայացմամբ, երկար տարիներ Հայաստանում կառավարությունն է օրենքներ ներկայացնելու հարցում գերակշռող դեր ունեցել: Սակայն այդ իրավիճակը, Միրզոյանը խոստանում է, շտկել. «Կարևոր եմ համարում կառավարության և խորհրդարանի օրակարգի որոշակի համադրումը՝ ապահովելով օրենսդրական նախագծերի հիմքում ընկած գաղափարների համատեղ քննարկումը»:
Միրզոյանը նաև ասաց, որ եռանդ է ներդնելու միասնական օրակարգ հաստատել խորհրդարանում. «Հավատում եմ, որ քննարկումները, փոխզիջումների կամքը կարող են հնարավորություն տալ այս Ազգայի ժողովին ձևավորել որոշակի համատեղ, միասնական, համաձայնեցված օրակարգ»:
ԱԺ նախագահի թեկնածուն նկատեց, որ նոր խորհրդարանը պետք է ակտիվորեն իրականացնի իր վերահսկողական գործառույթները: