14/01/2019 17:16
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով. հաստատում են դատախազությունից
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել, տեղեկությունը հաստատել է Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ «Սահմանադրական կարգը տապալելը»։
Aysor.am-ի աղբյուրների հաղորդմամբ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին։
Նշենք, որ Սեյրան Օհանյանը 6-րդ նախկին պաշտոնյան է, որին մեղադրանք է առաջադրվել 2008-ի արյունալի իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս գործով կալանավորված է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կալանավորելու որոշում է կայացվել Վահագն Հարությունյանի ու Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վերաբերյալ, ստորագրությամբ ազատության մեջ է Յուրի Խաչատուրովը, իսկ Արմեն Գևորգյանը դեռ վիճարկում է խափանման միջոցի հարցը։
Սեյրան Օհանյանը 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։