14/01/2019 10:38
Սկսվում է հույսերի ու խոստումների իրականացման փուլը. 7-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները մեկնարկեցին (Տեսանյութ)
2017-ին ձևավորված 6-րդ գումարման Ազգային ժողովը այսօր լուծարվեց, և նոր՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները մեկնարկեցին: Նիստը վարում է տարիքով մեծ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը: Սա երկրորդ անգամն է, որ Հասանովը վարում է ԱԺ անդրանիկ նիստը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում նիստին:
Նշենք, որ այս նիստում վարչապետի ընտրություն չի լինելու։ Նիստը սկսելուց հետո ՀՀ նախագահը անհապաղ հրամանագիր է ստորագրում մեծամասնության թեկնածուին վարչապետ նշանակելու մասին, իսկ ինչպես հայտնի է, մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։
Նոր խորհրդարանին ողջունեց, նաև օրհնեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ շնորհավորելով խորհրդարան անցած քաղաքական ուժերին:
«2018-ը հույսերի տարի էր, մեր ժողովրդի համախմբվածության տարի էր: Դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքները, որոնք ճանաչվել են բոլոր ուժերի ու դիտորդների կողմից, բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին: Նոր Ազգային ժողովի ու կառավարության ձևավորմամբ, ավարտվում է քաղաքական փոփոխոթյունների առաջին փուլն, սկսվում է հաջորդ, հույսերի ու խոստումների իրականացման, հետևողական աշխատանքի փուլը», - իր ելույթում հայտարարեց Արմեն Սարգսյանը:
Հայաստանի նախագահի խոսքով՝ բազում բարեփոխումներ պետք է իրականացվեն երկրի բոլոր բնագավառներում, իսկ առաջնային հարցը համարվում է յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության բարելավումը:
Նախագահ Սարգսյանը նկատեց, որ նոր Հայաստանը պետք է ձգտի հանդես գալ որպես գիտության, կրթության, մշակութային նոր տեխնոլոգիաների կարևորագույն կենտրոններից մեկը ու հավելեց. «Պետք է ձգտել աշխարհին տալ նոբելյան մրցանակակիրներ (ծիծաղեց), նոր թումանյաններ, կոմիտասներ, համբարձումյաններ, քրքորյաններ, գյուլբենկյաններ: Նոր Հայաստանում մեզնից յուրաքանչյուրը նույնպես պետք է ստանձնի անձնապես բարեփոխվելու առաքելություն, պետք է հասկանա իր ինքնությունը»:
Նա հորդորեց՝ «Եղեք ընդդիմախոսներ, բայց ոչ՝ հակառակորդներ, թիրևախավորեք խնդիրները, այլ ոչ թե անձերին: Դուք օրենսդիր իշխանություն եք, ձեր գործը ոչ միայն օրենք ստեղծելն է, այլ՝ դրանց կենսագործման վերահսկողությունը»:
Նախագահ Սարգսյանի ելույթի ավարտից հետո նորընտիր պատգամավորները երդվեցին. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»: