14/01/2019 16:12
Նոր սերունդն ավելի «попсовый» հումորի սիրահար է, ինչը նորմալ է այս ժամանակահատվածի համար. Արման Գևորգյանի տպավորությունները «Հումորի լիգա» նախագծից
2018 թվականի «Շանթ» հեռուստաընկերության ժամանցային նախագծերից, թերևս, ամենահաջողվածներից էր «Հումորի լիգա»-ն, որը կարծես ակնարկեց՝ շուրջ երկու տասնամյակ անց հայկական ՈՒՀԱ-ն կարող է վերածնվել:
Նախագիծը մեկնարկեց 24 թիմով, եզրափակչում մնացել էին արդեն 5-ը: Ի դեպ, վերջին փուլում ժյուրիի անդամներից յուրաքանչյուրը հանդես եկավ իր նախընտրած թիմի հետ՝ փորձելով առավել շոշափելի դարձնել վերջինիս հաղթանակը: Հաղթողը «Զվերապոլիսն» էր՝ դերասանուհի, ժյուրիի անդամ Անահիտ Կիրակոսյանի գլխավորությամբ: Ֆավորիտների շարքում էր դասվում նաև հումորիստ, շոումեն, ժյուրիի անդամ Արման Գևորգյանի գլխավորած «Հեթ-տրիկ»-ը:
Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ արդարացան «Հումորի լիգա»-ից իր սպասումները, հումորիստը նկատեց.
«Ինձ համար սպասումներն արդարացված լինելու վառ ու արտահայտված ցուցանիշներից մեկը դա մինչ օրս համացանցում նախագծի մասին հեռուստադիտողի խոսելն ու քննարկելն է: Այո՛, իսկապես ամեն բան շատ լավ ստացվեց: Նախագիծը, միանշանակ, կայացած է և արդեն սպասված, ես նույնիսկ կասեի՝ չնախատեսվածից ավել սպասված: Եվ այդ ամենը շնորհիվ այն թիմի, այն մարդկանց, որոնք անհատապես, ամեն ոք յուրովի իր մեծ ներդրումն ունեցավ կայացման գործում՝ սկսած իրենց գործից բավականին լավ հասկացող պրոդյուսերից ու տնօրենից մինչև ժյուրի, թիմերի յուրաքանչյուր անդամ: Կարծես բոլորը մտածված ու տրամադրված համախմբվել էին մեկ գաղափարի շուրջ, որպեսզի այն ի սրտե կյանքի կոչեին ու իրականացնեին բարձր մակարդակով: Իսկ այդպիսի աշխատանքների արդյունքները միշտ հաջող են ստացվում, դրական են լինում, դա չգրված օրենք է»:
Նկատառմանը՝ հումորի ընկալման մեջ ի՞նչ է փոխվել նոր սերնդի մոտ, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Նոր սերունդն ավելի արագ, հեշտ, մակերեսային, շուտ ընկալվող, խաղարկային ու… չգիտեմ, թե ինչ նոր, բայց համապատասխան բառ հորինեմ (ծիծաղում է՝ հեղ.)... Ավելի «попсовый» հումորի սիրահար է, որը ոչ թե լավ է կամ վատ, այլ՝ դա նույնպես տեսակ է, որը նորմալ է այս ժամանակահատվածի համար: Դասական տեքստերն ու խորիմաստ ենթատեքստերը վաղուց այլևս անցյալում են»:
Որքան էլ հաղթողը մեկն է, ֆավորիտները՝ մի քանիսը, Արման Գևորգյանն, այնուամենայնիվ, կարծում է՝ բոլոր թիմերի հետ էլ համագործակցություն կլինի: Նկատում է՝ ափսոս են այդ շնորհալի երիտասարդները, որոնք եկող սերնդին վաղը հումորի իրենց չափաբաժինն են մատուցելու ու նաև կրթելու:
Որպես ժյուրիի անդամ՝ Արման Գևորգյանն իր համար առանձնացնում է իրեն ամենաշատը տպավորած թիմին ու ամենատպավորած հումորային համարը:
«Անկեղծ ասած՝ առավել տպավորել էր «Սովետ» թիմը, որպես օրիգինալ տարբերակ: Իսկ տպավորված հումորներից կրկին «Սովետ»-ից հիշեցի. «ինչի դրախտում Լիլիթ Հովհաննիսյան ե՞ն լսում» հարցին պատասխան հնչեց՝ «չէ, ուղղակի դժոխքում այնքան բարձր են միացրել, որ մինչև դրախտ լսվում է»», - ծիծաղելով առանձնացրեց հումորիստը:
«Հումորի լիգա»-ն շարունակական է լինելու, հաջորդ եթերաշրջանի մեկնարկը կտրվի, հավանաբար, գարնանը: Կազմակերպիչները կփորձեն բացահայտել հումորային նոր ձեռագրով ու մտածողությամբ անհատների ու թիմերի: