15/01/2019 10:55
«Իմ Քայլը» ձայն է տալու այն ընդդիմադիր ուժի փոխխոսնակին, որը ժողովրդի քվեով ավելի մեծ ներկայացվածություն ունի ԱԺ-ում. Մակունց
ՀՀ քաղաքացին իր քվեով ձևավորել է ոչ միայն խորհրդարանական իշխանություն, այլև՝ խորհրդարանական ընդդիմություն՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների, ընդ որում՝ տասնյակով գերազանցվել է նրանցից մեկին տրված քվեների քանակը, այսօր խորհրդարանում ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցով իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Այս պարագայում մեզ՝ որպես խորհրդարանական մեծամասնություն, մնում է կիրառել մեկ մոտեցում. այն է՝ առաջնորդվել ոչ թե հիմնված կամայական անձերով պայմանավորված, այլ՝ հստակ քաղաքական դիրքորոշմամբ։ Ցանկանում եմ ընդգծել, որ այս ընտրությունը Մանե Թանդիլյան և Վահե Էնֆիաջյան անձերի միջև չէ։ Իմ կարծիքով՝ սկզբունքային տիրույթում այս ընտրությունը նաև ԲՀԿ և ԼՀԿ միջև չէ։ Այս ընտրությունը հիմնված է հստակ քաղաքական սկզբունքների, թվերի ու ընկալումների միջև», - ասաց Լիլիթ Մակունցն՝ ավելացնելով.
«Մենք ընտրում ենք սուբյեկտիվիզմից մաքսիմալ զուրկ լինելու տարբերակը և ընտրում ենք քաղաքացիների արդեն արձանագրված դիրքորոշումը հիմք ընդունելով»։
Ամփոփելով խոսքը՝ Լիլիթ Մակունցը նշեց, որ իրենց խմբակցությունը եկել է կոնսենսուսային որոշման՝ ձայն տալ այն ընդդիմությանը, որը ժողովրդի քվեով ավելի մեծ ներկայացվածություն ունի։