15/01/2019 17:54
Մենք փոխել են դեսպանների նշանակման արատավոր պրակտիկան. Ռուբեն Ռուբինյան
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կարող է և պետք է աջակցի գործադիրի վարած արտաքին քաղաքականությանը և իրականացնի խորհրդարանական վերահսկողություն, այսօր խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարեց «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը՝ ներկայացնելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր գործունեության տեսլականը:
Նշենք, որ «Իմ քայլը» այդ պաշտոնում առաջադրել է հենց Ռուբենյանի թեկնածությունը: Նա իշխանափոխությունից հետո ՀՀ ԱԳ փոխարտգործնախարարն էր:
«Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը պետք է երկրորդ աչքի դեր կատարի՝ փորձելով հնարավորինս անաչառ վեր հանել արտաքին քաղաքականության ոլորտում առկա խնդիրները», - ասաց Ռուբինյանը:
Նրա խոսքով՝ այդ հանձնաժողովը նաև պետք է միջնորդ լինի ժողովրդի ու կառավարության միջև:
Պատգամավորն ասաց, որ հանձնաժողովը, որն ինքը պետք է ղեկավարի, պետք է ստեղծի նախադրյալներ, որ դիվանագետների նշանակումը լինի հնարավորինս թափանցիկ ու նպատակային:
«Ազգային ժողովը պետք է ձեռքը պահի միջազգային անցուդարձի զարկերակի վրա: Ազգային ժողովը կարող է դառնալ համագործակցության մի հարթակ, որը կկարողանա լուծումներ գտնել շատ խնդիրների համար: Պատրաստ եմ թարմ փորձով լծվել հանձնաժողովի նախագահի պարտականությունների կատարման գործին, հուսով եմ կստանամ ձեր աջակցությունը», - ասաց Ռուբինյանը:
Պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ թեկնածուն ասաց, որ շարունակելու են արտաքին հարաբերությունների հանձնաժողով հրավիրել Հայաստանը ներկայացնող դիվանագիտական ներկայացուցիչներին, կազմակերպել քննարկումներ:
«Այդ փորձը տարածելու ենք և փորձելու ենք ավելի շատ ներկայացուցիչներ հրավիրել հանձնաժողով՝ ապահովելու թափանցիկությունը գործընթացի: Ես նաև պետք է ասեմ, որ իմ՝ ԱԳՆ-ում աշխատելու ժամանակահատվածում մենք փոխել են դեսպանների նշանակման արատավոր պրակտիկան, երբ շատերն այդ պաշտոնին նշանակվում էին քաղաքական նկատառումներից ելնելով: Սրանից տուժում էին մասնագետ, բարեխիղճ դիվանագետները», - ասաց Ռուբինյանը: