15/01/2019 11:36
Վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։
Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը։
Հիշեցնենք՝ երեկվա դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանին՝ պատճառաբանելով, որ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը մտերիմ է դատավորի ընտանիքի հետ։
Դատարանը, սակայն, մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կապերը դատավորի ընտանիքի հետ այնքան սերտ չեն, որ ազդեն դատարանի որոշման վրա։
Լրագրողների հետ զրույցում Ռ. Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ իրենք խնդրելու են սկզբում քննվի այլընտրանքային խափանման միջոց գրավի միջնորդությունը, այնուհետև՝ նախաքննական մարմնի միջնորդությունը:
«Կպնդենք, որ միջնորդություններն իրար հետ չմիացնեն, քանի որ դրանք տարբեր են, նույնիսկ տարբեր մեղադրանքների են վերաբերում, տարբեր ժամանակահատվածների են վերաբերում։ Պետք է խնդրենք, որ սկզբում քննվի գրավի միջնորդությունը և դրա վերաբերյալ որոշում կայացվի, նոր դրանից հետո քննվի կալանքը երկարացնելու միջնորդությունը, եթե, իհարկե, գրավի միջնորդությունը մերժվի», - ասաց նա