15/01/2019 19:15
Քոչարյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը կշարունակվի վաղը. կներկայացվեն տեսանյութեր Մարտի 1-ի հանրահավաքից
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը դատարանը կշարունակի վաղը, այսօրվա դատական նիստից հետո լրագրողներին ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
«Այսօր սկսվեց կալանքը երկարացնելու միջնորդության քննությունը։ Քննիչը ներկայացրեց այն, դատախազներն էլ իրենց փաստարկները ներկայացրեցին, թե ինչու են միանում քննիչին։ Դրանից հետո մենք մոտ 3 ժամ ներկայացնում էինք մեր տեսակետները, մեր առարկությունները։ Առարկություններ ներկայացրեցինք պաշտպաններից ես և պարոն Խուդոյանը, իսկ պարոն Սահակյանն ու պարոն Օրբելյանն իրենց առարկությունները կշարունակեն ներկայացնել վաղը», - ասաց Հայկ Ալումյանը։
Նա նշեց, որ առարկությունները ներկայացնում են ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ու տեսանյութերի միջոցով։ Մասնավորապես, նա նշեց, որ դատարանին են փոխանցելու Մարտի 1-ի օրերի հանրահավաքներից տեսանյութեր։
«Դրանք համացանցից վերցված տեսանյութեր են։ Մեղադրող կողմը մեղադրանքի հիմքում դրել է այն փաստարակը, որ հանրահավաքները եղել են բացառապես խաղաղ և անզեն, հանգամանքներից մեկը, որ պետք է քննվի՝ այդ հանրահավաքներն արդյոք եղել են խաղաղ և անզեն», - ասաց Հայկ Ալումյանը։
Նա հիշեցրեց այդ օրերի տեսանյութերից մեկի մասին, որում, իր խոսքով, երևում է ինչպես է քաղաքացիական անձը կրակում ոստիկանների ուղղությամբ։
Փաստաբանի խոսքով՝ տեսանյութերը դատարանին կներկայացվեն հնարավորինս շուտ․
«Ցանկանում էինք այսօր ներկայացնել, սակայն չհասցրեցինք, հավանաբար, վաղը կներկայացնենք», - ասաց Հայկ Ալումյանը։