16/01/2019 15:40
Քոչարյանի գործով այսօրվա դատական նիստին անոմալ վիճակ էր ստեղծվել. Արամ Օրբելյան (Տեսանյութ)
Քոչարյանի կալանքը երկարաձգելու կամ նրան գրավով ազատ արձակելու այսօրվա դատական նիստին որոշակի անոմալ վիճակ էր ստեղծվել, դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
«Որոշակի անոմալ վիճակ էր ստեղծվել, քանի որ մենք նախկինում ներկայացրած ենք եղել գրավի միջնորդություն, որը, մեր կարծիքով, պետք է քննվեր առանձին և որոշում կայացվեր, քանի որ դա վերաբերում էր երկրորդ կալանավորմանը Վերաքննիչ դատարանի կողմից։ Բայց քանի որ քննվեց արդեն կալանքի երկարացման միջնորդությունը, հետևաբար որպես գրավի միջնորդություն ներկայացվել է արդեն ոչ թե մեր նախկին միջնորդությունը, այլ արդեն իրավական տեսակետից երրորդ անգամ կալանավորելուց գրավը կիրառելու միջնորդություն», - ասաց Արամ Օրբելյանը՝ նշելով, որ պաշտպանական կողմը գրավի գումարի չափ չի սահմանել՝ դա թողելով դատարանի հայեցողությանը։
Ինչ վերաբերում է երեկվա հայտարարությանը, ըստ որի՝ պաշտպանական կողմը պատրաստվում էր դատարանին Մարտի 1-ի հանրահավաքներից տեսանյութեր ներկայացնել, Արամ Օրբելյանը հաստատեց, որ այսօր դրանք փոխանցել են դատարանին.
«15-ից ավելի ձայներիզ ենք ներկայացրել։ Այդ բոլոր տեսանյութերն առկա են համացանցում։ Դրանց մի մասը վերաբերում է Մարտի 1-ին, դրանից առաջ ու հետո առկա նյութերին, իսկ մի մասը վերաբերում է գաղտնալսումներին և վերջերս տրված որոշակի հարցազրույցների, որոնց դեպքում խնդիր ենք տեսնում արդար դատաքննության հետ կապված», - ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամը։
Արամ Օրբելյանը նշեց, որ այս նիստի ընթացքում նորից անդրադարձ է կատարվել անձեռնմխելիության հարցին.
«Անդրադարձ եղել է, որովհետև այդ հարցն այդպես էլ վերջնական կարգավորում չի ստացել», - ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Քոչարյանի կալանքի երկարաձգման կամ նրան գրավով ազատ արձակելու որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին՝ ժամը 17։30-ին։