16/01/2019 13:59
Նոր իշխանությունը ճնշման տակ է պահում դատական իշխանությունն ու զանգվածային լրատվամիջոցները. ՀՅԴ
Ժողովրդավարությունը նախ հակառակ, այլ տեսակետ ու կարծիք հանդուրժելու մթնոլորտի ստեղծման մեջ է, մինչդեռ ներկայումս մեզ մոտ այլ է` հակառակ տեսակետն ընդունվում է հիստերիայով, ահաբեկումով, լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում սանձազերծվող արշավով: Այդ մասին ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ։
«Իսկ դատական համակարգը, անկախ նրանից, թե որքանով է կարող արդարամիտ լինել, ակնհայտորեն ենթակա է ճնշումների։ Մենք շատ հեռու ենք ժողովրդավարությունից ու անկախ դատական համակարգ ունենալուց։
Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվել է, ըստ էության, մեկ քաղաքական ուժի իշխանություն, որն իր ձեռքում կենտրոնացնելով թե' օրենսդիր, թե' գործադիր իշխանությունը, իր ճնշման տակ է պահում նաև դատական իշխանությունն ու, այսպես կոչված, չորրորդ իշխանությունը`զանգվածային լրատվամիջոցները», - հայտարարել է Հ.Մարգարյանը։
Նրա խոսքով, ըստ էության` խախտվել է կառավարման խորհրդարանական համակարգի կարևորագույն հատկանիշը` իշխանության հակակշռելիության ու հաշվետվողականության սկզբունքը:
«Չի ձևավորվել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ համակարգ, չափազանց մեծ է վտանգը օրենսդիր և գործադիր իշխանությունների միաձուլման և անձնակենտրոն իշխանության ամրապնդման», - նշել է նա։
Հրանտ Մարգարյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։