16/01/2019 11:44
Արցախում բարձր են գնահատում ՀՅԴ հայրենանվեր գործունեությունը. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ուղերձ է հղել Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցներին:
Ուղերձում ասված է.
«Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Ի սրտե ողջունում եմ բոլորիդ կուսակցության այս գերագույն միջոցառման մեկնարկի կապակցությամբ: Մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Արցախում բարձր են գնահատում ձեր՝ տասնյակ երկրներից ժամանած պատվիրակներիդ հայրենանվեր գործունեությունը:
Դաշնակցությունը մեր հանրապետությունում պարբերաբար կազմակերպում է համագումարներ, խորհրդակցություններ, հավաքներ: Սակայն, Ընդհանուր ժողով՝ որպես կուսակցության ամենակարևոր քաղաքական միջոցառում, Արցախում տեղի է ունենում առաջին անգամ, ինչն ինքնին յուրահատուկ խորհուրդ ունի և վկայում է կուսակցության գաղափարախոսության ու գործունեության մեջ Արցախի դերի ու նշանակության մասին:
Դժվար է գերագնահատել Հայ Յեղափոխական Դաշնակցության դերակատարությունը մեր ազգային-ազատագրական պայքարի, հայոց անկախ պետականության վերականգնման, պաշտպանության, կայացման ու զորացման, համազգային խնդիրների լուծման գործում:
Դաշնակցությունն ու նրա տարբեր կառույցները հանդիսանում են նաև մի հզոր կամուրջ, որն ամուր է պահում հայրենիքի և սփյուռքի միջև կապերը՝ լինելով աշխարհասփյուռ հայության ազգային ինքնության պահպանման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակման կարևորագույն ինստիտուտներից:
Արցախի պետականության ամրապնդումը, արցախյան հիմնախնդրի արդարացի լուծումը, մեր հանրապետության միջազգային ճանաչումն առանցքային նշանակություն ունեն Հայ Յեղափոխական Դաշնակցության համար, ինչը մենք մշտապես զգում և արժևորում ենք:
Ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը, բնական է, ունեն կարևորագույն նշանակություն ձեր կուսակցության համար, և կուզենայի ցանկանալ, որ դրանց բազմակողմանի ու համապարփակ քննարկումները, համապատասխան որոշումների կայացումը հուսալի հիմք հանդիսանան հաստատված ծրագրերի և ՀՅԴ հետագա գործունեության իրականացման համար»: