16/01/2019 13:34
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը
Այս գիշեր 97 տարեկան հասակում կյանքից հեռացել է բեմադրիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը, լուրն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց վերջինիս դուստրը՝ Նունե Ջրբաշյանը:
Տեղեկացանք նաև, որ Արվեստագետի վերջին հրաժեշտի արարողությունների կազմակերպման համար հանձնաժողով ստեղծելու կապակցությամբ այսօր ժամը 16:00-ին Մշակույթի նախարարությունում հանդիպում է լինելու, որին ներկա կգտնվեն նաև ընտանիքի անդամները:
Ռաֆայալ Ջրբաշյանն ավարտել է Թիֆլիսի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրության բաժինը, 1949 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1954-1969 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ, 1971-1973 թվականներին՝ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, 1975-1990 թվականներին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն: Բեմադրություններ է արել Օպերայի և բալետի, Պարոնյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Ստեփանավանի Վահրամ Փափազյանի անվան և այլ թատրոններում: 1957 թվականից դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է նաև ամբիոնի վարիչ, պրոռեկտոր, 1985 թվականից՝ պրոֆեսոր։ Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը։
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ ահազանգում էին, որ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանին ժառանգները տեղափոխել են ծերանոց: Aysor.am-ի հետ զրույցում, սակայն, Ռաֆայել Ջրբաշյանի դուստրերն ասել էին, որ իրենց հայրը ծերանոցում չի ու չի էլ եղել:
Aysor.am-ը ցավակցում է Ռաֆայել Ջրբաշյանի ընտանիքի անդամներին և արվեստասեր հանրությանը: