16/01/2019 19:30
Ռաֆայել Ջրբաշյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում
Ռաֆայել Ջրբաշյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ հունվարի 17-ին՝ ժամը 18:00-20:00, այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով տարածած հաղորդագրությունից:
Վերջին հրաժեշտը` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանից՝ հունվարի 18-ին՝ ժամը 11:00-13:00:
Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):
Հիշեցնենք, որ 2019 թ. հունվարի 16-ին, 97 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, մանկավարժ, պրոֆեսոր, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը:
Ռաֆայել Ջրբաշյանը հայ թատրոնի երախտավորներից էր, մարդ, ում հարուստ և բովանդակալից ստեղծագործական կյանքը արվեստի նվիրական ծառայության վառ դրսևորումներից է:
Ռաֆայել Ջրբաշյանը ծնվել է Կիսլովոդսկում: Սովորել է Թիֆլիսի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի բանասիրության բաժնում: 1949 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Վավիկ Վարդանյանի արվեստանոցը: Եղել է ֆակուլտետի առաջին շրջանավարտը: 1955-69 թթ. աշխատել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բեմադրիչ:
1971-72 թթ. եղել է Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 1975-90 թթ.` Արտաշատի Ա. Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն: Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր թատրոններում Ռաֆայել Ջրբաշյանն իրականացրել է մի շարք բեմադրություններ:
1956 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որտեղ 1984-98 թթ. եղել է ամբիոնի վարիչ, 1994-98 թթ.` պրոռեկտոր: 1986 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
«Մեծ է վարպետի ներդրումը սերունդների կրթման գործում: Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը: Մանկավարժությունը վարպետի համար գիտական-տեսական և գործնական մի ուրույն համակարգ էր, որի առանցքում դրված էին անհատականությունների բացահայտման ու մասնագիտական-գործնական հմտությունների և մասնագիտական-տեսական գիտելիքների զարգացման, բեմադրիչների ու դերասանների բարոյաէթիկական չափանիշների ուսուցման սկզբունքները, որոնք էլ հիմք հանդիսացան ռեժիսորական վարպետության իր դպրոցի մշակման և տարածման համար: Նրա սաներից են եղել հետագայի անվանի դերասաններ, հաղորդավարներ, թատրոնների գեղարվեստական ղեկավարներ, բեմադրիչներ, ժողովրդական արտիստներ: Ռաֆայել Ջրբաշյանը հեղինակ է բազմաթիվ մասնագիտական հոդվածների, խոհերի, գրքերի և թարգմանությունների:
1986 թ. արժանացել է ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 2008 թ.` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման: 2004 թ.` Մովսես Խորենացու անվան մեդալակիր:
Ռաֆայել Ջրբաշյանն իր առանձնահատուկ հետքը թողեց հայ թատերարվեստում: Նրա պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, թատերասեր հասարակության սրտերում», - նշված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ: