16/01/2019 17:08
Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հանդիպել են Դիեգո Սիմեոնեին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, և գլխավոր մարզչի օգնականներ Սուրեն Չախալյանը և Աշոտ Ավետիսյանը, մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ՝ դիտարկելու «Ռեալ» և «Ատլետիկո» ակումբներում մարզումային գործընթացը և մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպումը: Իսպանիայում նրանց են միացել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:
Հունվարի 15-ին մարզիչներն այցելել են Մադրիդի «Ատլետիկո» ակումբի մարզաբազա և հետևել թիմի մարզումային գործընթացին:
Մարզումից հետո մարզիչները հանդիպել են «Ատլետիկո» թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, քննարկել մի շարք հարցեր՝ կապված «Ատլետիկո» թիմի խաղային փիլիսոփայության և ժամանակակից ֆուտբոլի տենդենցների հետ:
Երեկոյան կայացել է ճաշկերույթ, որին մասնակցել են Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները, ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, ինչպես նաև լեգենդար մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, նրա օգնական Տոնի Գրանդեն և լեգենդար ֆուտբոլիստ Ֆերնանդո Յերոն:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը: Օրն ավարտվել է Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի թանգարան կատարած այցելությամբ: