17/01/2019 13:35
Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու անհրաժեշտություն չկա. Անդրանիկ Քոչարյան
Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում, այսօր Ազգային ժողովում ունեցած իր ելույթում հայտարարեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հաննաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
Պատգամավորը հիշեցրել էր ապրիլյան պատերազմից հետո Արտգործնախարարությանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի տված հանձնարարության մասին՝ Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու նպատակով և հետաքրքրվել՝ արդյոք տեսնում է նման պայմանագիր կնքելու անհրաժեշտություն:
«Հայաստանը պետք է լինի Արցախի անվտանգության երաշխավորը, դրանով ամեն ինչ ասված է և այդ հարաբերություններով մենք միայն հաջողություններ ենք ունեցել, չենք ունեցել խնդիրներ և չեմ ուզում, որ միջազգային հարթակում էլ ստեղծենք պրոբլեմ այս պահին, որովհետև մենք մեր ներքին խնդիրները կարողանում ենք լուծել, եթե խառնակիչները շատ չխառնակեն», - հավելեց հանձնաժողովի նախագահի թեկնածուն: