17/01/2019 19:57
Արցախի Հանրապետությունում համաճարակային իրավիճակը լարված չէ
Այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով համաճարակային իրավիճակը լարված չէ, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակների նկատմամբ ամենօրյա մշտադիտարկումը:
Հունվարի 16-ի դրությամբ հանրապետության բուժհաստատություններում բուժում են ստանում 30 քաղաքացի, որից 15-ը` երեխաներ են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվում է հիվանդության 2 անգամ նվազում:
Վիրուսային գրիպի հարուցիչները տարբեր են` գրիպ A տեսակի «ենթատիպ H1N1 և ենթատիպ H3N2», գրիպ B և C տեսակներ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մասնագետների կողմից գրիպի վիրուսի հայտանաբերման նպատակով հիվանդներից վերցվել է նմուշներ և ուղարկվել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ լաբորատոր հետազոտության:
Արդյունքում 5 երեխայի մոտ հայտանաբերվել է գրիպ A տիպի H1N1 ենթատիպ: Նշվածներից 3 ամբուլատոր հիվանդները ստանում են համապատասխան բուժում, իսկ 2 հոսպիտալացված երեխաները առողջացման փուլում են և մի քանի օրից դուրս կգրվեն:
Հանրապետության բոլոր բուժհիմնարկներն ապահովված են հակավիրուսային դեղամիջոցներով և ախտահանիչ նյութերով, պահպանվում է հակահամաճարակային ռեժիմը: Բուժհիմնարկներում առկա է գրիպի դեմ պատվաստանյութ: Գրիպի կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը դիմել բուժհիմնարկ գրիպի դեմ պատվաստվելու: