17/01/2019 13:41
ՊՆ-ն փորձաքննություն կիրականացնի գերքաշով, թերքաշով ու գիշերամիզությամբ զորակոչվածների զինծառայության վերաբերյալ (Տեսանյութ)
Հունվարի 21-ից Զինված ուժերում կիրականացվի 2018թ. ամառային զորակոչի ընթացքում օրվա հեշտացված կարգացուցակով (ԾՀՕԿ) առաջին անգամ զորակոչված զինծառայողների վերաբերյալ փորձաքննություն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնբաժողովի նախագահ Սահակ Օհանյանը։
Համաձայն կառավարության որոշման՝ օրվա հեշտացված կարգացուցակով զինծառայության (ԾՀՕԿ-ով) զորակոչվում են որոշակի առողջական խնդիրներ ունեցող երիտասարդները։ Դրանք են՝ թերքաշ (նորմայից 2կգ պակաս լինելու դեպքում), գերքաշ (նորմայից 4 կգ ավելի լինելու դեպքում), գիշերամիզություն, հեմոգլոբինի որոշակիորեն ցածր կամ բարձր մակարդակ:
«Հունվարի 21-ից կսկսվի ԾՀՕԿ-ով զորակոչվածների ծառայության վերաբերյալ փորձաքննություն։ Այն կտևի մոտ մեկ ամիս, որից հետո կամփոփվեն արդյունքներն ու կներկայացվեն նախարարությանը։ Դրա արդյունքում չի բացառվում, որ որոշ զինծառայողներ, ովքեր զորակոչվել են օրվա հեշտացված կարգացուցակով, անցնեն հասարակ ծառայության։ Օրինակ՝ երիտասարդը 43 կգ-ով զորակոչվել է, ծառայության ընթացքում քաշ է հավաքել։ Մենք ունենք արդեն ակնհայտ դեպքեր, երբ մինչև 50-52 կգ քաշն ավելացել է ու պարզ է, որ իր ծառայության ձևաչաձը պետք է փոխվի», - ասաց Սահակ Օհանյանը։
Նրա խոսքով՝ 6 ամսվա ընթացքում միայն մի դեպք է գրանցվել, երբ ԾՀՕԿ-ով զորակոչվածը ոչ պիտանի է ճանաչվել զինծատայության համար:
«Այն էլ՝ այլ հիվանդության պատճառով։ Նա վաղաժամ կզորացրվի», - ասաց Սահակ Օհանյանը:
Նա ընդգծեց, եթե զինծառայողը զորակոչվել է ԾՀՕԿ-ով, իսկ հետո տեղափոխվել հասարակ կարգացուցակով զինծառայության, միևնույն է, նա մնալու է ռազմաբժշկական հանձնաժողովի ուշադրության տակ ու 6 ամիսը մեկ փորձաքննություն է անցնելու։