17/01/2019 13:44
Պիտի մի քիչ զգույշ լինել նման հարցերում. Զոհրաբյանը՝ կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին
Կառավարության կառուցվածքի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը չի շտապում բարձրաձայնել իր դիրքորոշումը։
«Ես այս պահին իմ անձնական դիրքորոշումը չեմ ներակայացնի։ Ունեմ իմ դիրքորոշումը, բայց ունեմ քաղաքական թիմ ու իմ անձնական կարծիքը չի կարող այստեղ որոշիչ լինել», - լրագրողներին ասաց Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պիտի՞ նման կառավարության ենթակայության տակ, թե՞ ոչ։
Զոհրաբյանը միայն ընդգծեց, որ որոշ մտահոգություններ ունի մշակույթի նախարարության հետ կապված։
«Մեր տնտեսական քաղաքականությունը կազմելիս պիտի ելնենք այն հիմնադրույթներից, թե որոնք են մեր մրցունակ բրենդները։ Մենք ազգ ենք, որը համաշխարհային մշակույթ է թելադրել, դրա ակունքներում է կանգնած եղել։ Պիտի մի քիչ զգույշ լինել նման հարցերում։ Ինչպիսին կլինի կառավարության որոշումը, կտեսնենք», - ասաց Զոհրաբյանը։
Այսօր լրագրողների հետ զրույցում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը պիտի դառնան առանձին նախարարություններ և դուրս գան կառավարության ենթակայությունից։